Թրամփը չի բացառում, որ ընտրություններում հաղթելու դեպքում կբարելավի հարաբերություններն Իրանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կկարողանա կարգավորել հարաբերություններն Իրանի հետ։ Այս մասին նա հայտնել է Նյու Ջերսիում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես չեմ ցանկանում վատ վարվել Իրանի հետ։ Հուսով եմ, որ մենք կունենանք բարեկամական հարաբերություններ: Գուցե մեզ հաջողվի դրան հասնել, գուցե՝ ոչ», – ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուն վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանում միջուկային զենք ստեղծել։

«Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Եվ մենք բոլորս վճռական էինք այնպես անելու, որ նրանք միջուկային զենք չունենան, որովհետև հենց ունենան, կլինի բոլորովին այլ աշխարհ, բոլորովին այլ բանակցություններ», – ասել է նա:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։ Ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն է։

 




Լրահոս