
Գերմանացի հանրահայտ մարզիկ Միխայել Շումախերի կինը ՝ Կորինան, կոմայում գտնվող ամուսնու համար կկառուցի լրիվ սարքավորված բուժկետ ՝ 10 մլն ֆունտ արժողությամբ:
Ըստ ИТАР-ТАСС-ի` այս մասին են հայտնել բրիտանական լրատվամիջոցները: Բուժկետը կկառուցվի Շվեյցարիայի Ժնևյան լճի ափին գտնվող Շումախերների առանձնատան տարածքում:
Մրցարշավորդի կինն այն կառուցելու համար կծախսի ընտանիքի կարողության մի մասը, որը կազմում է 500 մլն ֆունտ:
Ընտանիքի մտերիմներից մեկի խոսքով` նույնիսկ եթե մարզիկը կենդանի մնա, նա կարող է զրկվել շարժվելու հնարավորությունից:
Շումախերը, որը գլխուղեղային վնասվածք էր ստացել անցած տարվա վերջին, արդեն երկու վիրահատության է ենթարկվել Գրենոբլում և գտնվում է արհեստական կոմայի վիճակում:
Բժիշկների վկայությամբ` ցանկացած պարագայում ուղեղի վնասվածքի հետևանքները Շումախերի մոտ կպահպանվեն մինչև կյանքի վերջ: