Բուլղարիայի Կրումովո ավիաբազայում մեկնարկել են բուլղարական և ամերիկյան ավիացիոն ստորաբաժանումների «Թրակիական ամառ – 2024» ամենամյա համատեղ զորավարժությունները՝ հայտնել են Բուլղարիայի պաշտպանության նախարարությունից։
Համատեղ մարզումները կշարունակվեն մինչև օգոստոսի 29-ը: Դրանց մասնակցում են Բուլղարիայի պաշտպանության նախարարության և նրա ենթակա կառույցների ուժերը, ռազմաօդային ուժերը, ԱՄՆ հատուկ գործողությունների համատեղ հրամանատարության ուժերը, Եվրոպայում ԱՄՆ ՌՕՈՒ ստորաբաժանումները:
««Թրակիական ամառ – 2024»-ի նպատակներն են երկրի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի և ՀՕՊ կազմավորումների անձնակազմերի, ինչպես նաև հատուկ ուժերի համատեղ գործողություններում և միջազգային զորավարժություններում համատեղելիության և օպերատիվ կարողությունների բարձրացումը»,- ասված է Բուլղարիայի ՊՆ հաղորդագրության մեջ: