ՄԵՆՔ ՏՈՒՆ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համոզված եմ, որ նրանց իրականում հեռացրել են աշխատանքից»,-ներիշխանական խմորումներն այսպես է գնահատում «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանը:
 -Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքից  նոյեմբերի 25-ի հանրահավաքն ընկած ժամանակահատվածում երկրում իրավիճակ է փոխվել, հետեւաբար ինչ-որ առումով այս հանրահավաքը յուրահատո՞ւկ է լինելու:
-Ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, եթե նկատի ունեք իշխանության խնդիրները, դրանք շարունակվելու են, խորանալու են: Բայց ասեմ, որ ընդդիմությունն իր քայլերը չի կապում այդ իշխանական վիճակների հետ, ինքն իր ընթացիկ քայլն է անում, հերթական հանրահավաքը, որի ժամանակ որոշում է իր հետագա անելիքները:
-Պարո՛ն Այվազյան, վերջին 20-25 օրում գնդակը գտնվում էր իշխանության դաշտում. այնտեղ էր անընդհատ ինչ-որ բան կատարվում, հրաժարականներ, պաշտոնանկություններ եւ այլն, ընդդիմությունը հասկանալի պատճառներով մի քիչ ավելի պասիվ էր, եւ հիմա տեսակետ կա, որ այս վիճակը շատ ձեռնտու է Կոնգրեսին, քանի որ իշխանությունը սեփական ուժերով կազմաքանդվում է:
-Դե բնական է, ասեմ, որ ներիշխանական այս գզվռտոցը հենց այնպես չէ կամ այնտեղ տեղի ունեցող մյուս ներքին պրոցեսները, որոնք ամբողջը մեր պայքարի արդյունք են: Թող իշխանությունները գիտակցեն, որ երբեւէ մենք իրենց հանգիստ չենք թողնելու: Այսօրվա այս վիճակը մեր 4 տարվա պայքարի արդյունքն է:
-Իրենց ներքին հակասություննե՞րն էլ են Կոնգրեսի 4 տարվա պայքարի արդյունքը:
-Այո՛, քանի դեռ մենք փողոցում ենք, իշխանությունը չի կարողանում իր «միապետական» բուրգը ձեւավորել, որովհետեւ ամեն ինչից վախենում է: Ինչո՞ւ հրաժարականների շարքը կանգնեցրեց, որովհետեւ վախենում է… օրինակ` եթե  Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրն ասեր «ոչ», հրաժարական չտար կամ ասենք` հինգ օր է ժամանակը, թե ինչքան է` չգիտեմ, հրաժարականը չի կրկնում: Պատկերացնո՞ւմ եք,  իշխանության վերջն ինչ է լինում: Ավարտվում է այդ իշխանությունն ընդհանրապես:
-Իսկ ի՞նչ եք կարծում` սեփական փեսային ազատելն ի՞նչ էր` մանեւրե՞լ, թե՞…
-Իսկ որտեղի՞ց վերցրիք, որ ազատել է, կարո՞ղ եք ասել: Ես հակված չեմ մտածել, որ այս պահին աշխատակազմը նախագահի փեսան չի ղեկավարում, ավելին, ես կարծում եմ` կան հեռուն գնացող ծրագրեր. այդ շտաբի աշխատանքները համակարգելու համար փեսային տարել է, որի ընթացքում երիտասարդ տղա է, ամբողջ ծավալով կծանոթանա այդ աշխատանքներին եւ դրանից հետո նորից կվերադառնա աշխատակազմ: Ես այդպես եմ մտածում:
-Հովիկ Աբրահամյանի, Կարեն Կարապետյանների մասո՞վ էլ եք այդպես կարծում:
-Ո՛չ, համոզված եմ, որ նրանց իրականում հեռացրել են աշխատանքից, քանի որ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը շատ ավելի մեծ էր երկրում, ողջ ներիշխանական համակարգում, Սերժ Սարգսյանն այդքան կոպիտ չկարողացավ հեռացնել, ինչ-որ  պատճառներ բռնեց:  Կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը բավական էր, որպեսզի նա կարողանար այլ դիրքորոշում ունենալ: Չնայած հիմա էլ եմ զարմանում, թե ինչու է  Հովիկ Աբրահամյանն այդ դիրքորոշմանն այս պահին:
-Ինչպե՞ս եք գնահատում այն վարկածը, որ ինչ-որ մի պահի իշխանությունն ինքը կուզենա գնալ արտահերթ ընտրությունների` Սահակաշվիլիի տարբերակով:
-Նման ինֆորմացիա չունեմ, բայց կարծում եմ, որ այս պահին իրենք նստած հաշվում են: Եթե գոնե մտածեն, որ մի 40-45 տոկոսի շանս կունենան վերարտադրվելու, անպայման դրան կգնան: Դա իրենց համար ելք կլինի: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ  իրենք իրենց հաշվարկների արդյունքում չեն տեսնում վերարտադրվելու այդ 40-45 տոկոսի շանսը: Կարծում եմ` չեն գնա: Հիմա նույնիսկ խոսում են, որ դեկտեմբերի 1-ին հրաժարական տա, հունվարի 5-10-ին ընտրություն է լինում, Նոր տարի եւ այլն, բայց ես հավատացնում եմ` ամբողջ հայ ժողովուրդը թողնելու է այդ Նոր տարին եւ լծվելու է Սերժի հեռացման գործընթացին:
 -Մամուլում տեղեկություններ եղան, որ Սերժ Սարգսյանը տարբեր մարդկանց միջոցով կանչում է ռեալ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչներին, թե եկե՛ք, խելք խելքի տանք` ոնց ենք երկիրը հանում այս վիճակից: Ձեզ կամ «Հանրապետություն» կուսակցությանը նման կանչեր եղե՞լ են:
-Մենք հրապարակային քաղաքականության կողմնակից ենք, մեր ամբողջ գործունեությունը թափանցիկ է: Ես մամուլում որեւէ ակնարկ նրա կողմից չեմ տեսել, ավելին, մերժեց ընդդիմության հետ երկխոսությունը, ինչ է` մեկ-երկու ամիս առաջ չէ՞ր հասկանում, թե ինչքան ծանր էր երկրի վիճակը:
-Խոսքը վերջին մի քանի օրերի մասին է, եւ ոչ մամուլով, այլ տարբեր մարդկանց միջոցով, ակնարկների:  
-Ստվերային որեւէ գործունեություն չենք իրականացնելու նրա հետ, բացառվում է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս