ՄԱՐԴԻԿ ՈՒ ԳՈՐԾԵՐԸ ՀԱՎԵՐԺ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՔԾ մարտի 1-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ նշանակվել է  ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննության 2-րդ վարչության պետ` փոխարինելով Կարեն Կարապետյանին: Երեկ պարոն Հարությունյանը համաձայնեց պատասխանել «Ժողովուրդ»-ի մի քանի հարցերին:
-Պարո՛ն Հարությունյան, մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարն էիք: Փաստորեն, հիմա նախաքննությունը կիսատ թողեցիք եւ գնում եք:
-Գործի նախաքննությունը հո միայն ինձանո՞վ չի պայմանավորված, քննչական խումբը կա, մեծ է, երկրորդը` ով որ այդ գործը վարույթ կընդունի, նույն կարգով կշարունակի նախաքննությունը, ու չեմ կարծում, որ դա կարող է գործի նախաքննության վրա որեւէ բացասական ազդեցություն ունենալ:
-Իսկ զուտ մարդկային առումով չե՞ք ափսոսում, որ կիսատ եք թողնում:
-Ճիշտն ասած, հարաբերական է, գործ կա` կարող է հինգ տարի տեւի, հարյուր հատ փոփոխություն լինի, մարդիկ կամ գործերը հո հավերժ չե՞ն:
-Իսկ վերջին շրջանում նոր, էական բացահայտումներ չկայի՞ն:
-Չէ՛, որ Ձեզ կհետաքրքրի կամ հանրությանը` չէ՛:
-Պարո՛ն Հարությունյան, ՀՔԾ-ում աշխատելիս եղել է նաեւ, որ ոստիկանների դեմ քրեական գործեր եք հարուցել եւ այլն: Հիմա գնում եք ոստիկանական համակարգ:
-Քննչական աշխատանքի` համենայնդեպս, էն, ինչ որ ես գիտեմ ու կարողանում եմ: Այսինքն` նույն աշխատանքն է` նախաքննություն:
-Որքան գիտեմ` ՀՔԾ-ում շատ բարձր աշխատավարձեր են, ոստիկանությունում` ոչ այնքան: Ի՞նչը Ձեզ ստիպեց գնալ ավելի ցածր…
-Ցա՞ծր:
-Չէ՛, կարգավիճակով բարձր, ցածր` աշխատավարձով:
-Դե հիմա:
-Վլադիմիր Գասպարյանն ինչ-ինչ կադրային գիծ է տանում, Դուք նրա հետ մտերի՞մ եք: Ձեզ համար անսպասելի՞ էր այդ, ենթադրվում է, առաջարկը, ապա նաեւ հրամանը:
-Ո՛չ, մտերիմներ չենք: Մնացած հարցերը… ինձ թվում է` այսքանը բավական է:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս