ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆՈՐՔՈՒՄ ՄԱՆՅԱԿ ԿԱ
Նոր Նորքի 9-րդ զանգվածում վախի մթնոլորտ է տիրում. բնակիչներից շատերի պնդմամբ` իրենց վարչական շրջանում մի քանի շաբաթ է, ինչ մոլագար է հայտնվել, անգամ կան տուժածներ: «Մանյակ» կոչվածը Նոր Նորքի թիվ 120 մանկապարտեզում նախորդ ուրբաթ օրը հարձակվել է ծնողներից մի քանիսի վրա, քաշքշել նրանց, փորձել մեկի տաբատն իջեցնել ու մարմնական վնասվածքներ հասցրել: Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Քերոբյանը NEWS.am-ին  փոխանցել է, որ նախորդ ուբաթ տեղի ունեցած միջադեպից 15 րոպե անց ոստիկանները շրջապատել են տարածքը, սակայն մինչ այժմ նրանց չի հաջողվել հայտնաբերել հանցագործին:
Քերոբյանի խոսքով` «մանյակի» մասին խոսակցություններն ի հայտ են եկել հոկտեմբերի 1-ից:  Իսկ վերջին դեպքի մասին ծնողներն են ահազանգել` պատմելով, որ «մանյակ» կոչվածը ծնողի «շալվարից» է քաշել, մյուսին խփել: Բռնության ենթարկված ծնողները չեն հասցրել ֆիքսել նրա արտաքին տվյալները:  

ԽՆԴՐԵԼ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼ
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանը, ով սեպտեմբերին 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք էր տեղափոխվել, խնդրել է հորը հետ վերցնել իրեն ծեծողների դեմ ուղղված բողոքը: Այս մասին հայտնել է Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը: Ժորա Մկրտչյանը ներկա պահին դեռեւս գտնվում է հոսպիտալում:

ԴՊՐՈՑՆԵՐՆ ԷԼ ՍՏՈՒԳԵ՛Ք
Վերահսկիչ պալատի` 2012 թվականի գործունեության տարեկան ծրագրում ներառված չեն Երեւանի դպրոցների պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ ստուգումներ: Այդ կապակցությամբ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը Վերահսկիչ պալատին առաջարկել է ստուգել նաեւ Երեւան համայնքի ենթակայության տակ գտնվող 27 ներառական հանրակրթական դպրոցների ֆինանսավորման արդյունավետությունը:

7 ՀՈԳՈՎ 30 ՈՍՏԻԿԱՆԻ
Հայ ազգային կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստի օր դեռ չի նշանակվել: Նրանցից չորսի` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը կարծում է, որ մինչեւ նոյեմբերի վերջ տեղի կունենա առաջին դատական նիստը: Պաշտպանը նաեւ մատնացույց է արել գործի նյութերում առկա տարօրինակ փաստերը: Մասնավորապես, ոստիկանները նշել են, որ 7 երիտասարդները հարձակվել են մեծ թվով ոստիկանների վրա` մոտ 30 հոգու եւ նրանց հասցրել մարմնական վնասվածքներ. «Մինչդեռ երիտասարդներն ավելի ծանր վնասվածքներ են ստացել, սակայն գործով որպես տուժող չեն ճանաչվել»:

ԽԱԲԿԱՆՔ Է
Հաջորդ տարի հարկային եկամուտներն ավելանում են 101 մլրդ դրամով, որից 45-ը գնաճն է, ինչի շնորհիվ ժողովրդից անուղղակի հարկերը կավելանան: Եւս 50 մլրդ դրամ կապահովվի տնտեսական աճի շնորհիվ: Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ծրագրավորել են 5.5 % գնաճ, 11 ամիս կթողնեն 8-9% մակարդակի վրա, որպեսզի բյուջեի կատարման խնդիր չունենան: Բարձր ինֆլյացիան նշանակում է բյուջեի կատարման ռիսկերի չեզոքացում: Գները կաճեն, վերջում դեկտեմբերին մի պահ կիջեցնեն, որ հունվարին նորից թռնի: Սա արդեն ավանդույթ է դառնում, դա խաբկանք է»,-հայտնել է Հ.Բագրատյանը` նշելով, որ այս տարի գնաճը 10 ամսում 8.5% է, թեեւ թիրախայինը եղել է 4՞1.5%, եւ դա արդեն չի կատարվել:




Լրահոս