«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք, սա է կյանք կոչվող խաղի կանոնները»․ Ալեն Սիմոնյանը՝ Հայկոյի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի ծննդյան օրն էր. նա կդառնար 51 տարեկան:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոսք է հղել իր ընկերոջ ծննդյան օրվա առիթով:

«Ցավալի է, բայց բոլորս էլ հաճախ կորցնում ենք մեր հարազատներին, ընկերներին, դա է կյանք կոչվող խաղի կանոնները: Բայց լինում են դեպքեր, որ դա լինում է անարդար, ու մերվել դրա հետ չի լինում: Հայկոյի հեռանալը այս աշխարհից ինձ համար այդ օրինակներից էր: Անարդար, վաղաժամ և շատերիցս ավելին խլող, քան կարելի էր պատկերացնել, կորուստ, որին ոչ հավատում ես, ոչ ուզում ես հավատալ, ոչ էլ մերվել դրա հետ»:

Երգահան Հայկոյի տարեդարձը շնորհավորել են մի շարք հայ հայտնիներ։

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ և կից գրել իրական պատմություն․

«Ես շատ փոքր էի, երբ առաջին անգամ Հայկոյին տեսա, Արմանից մի քանի տարով մեծ երևի… Մեծ քրոջս հետ եկել էր մեր տուն, երգ պիտի քննարկեին, թե ուղղակի էր եկել, արդեն չեմ հիշում, բայց հիշում եմ ոչ բարձրահասակ այդ տղայի յուրահատուկ հմայքն ու ձայնը… հեքիաթում էի… հիշում եմ մայրիկիս խառնվելն ու արագ սեղան դնելը (ինչպես միշտ, պարտադիր ու սիրով) ու ԵՐԳԸ, սիրո այն երգը, որը Հայկոյի շնորհիվ տարածվեց ու լցվեց ամենաանսպասելի մարդկանց երակները՝ սիրո էլիքսիրի նման… Հայկոն էր երգում, մեր տանը… Լուչո Դալլայի «Կառուզոն» նրա շուրթերից հնչում էր էնքան հարազատ ու հուզիչ, ասես ինքն էր գրել, ինքն էր ստեղծել ու ամեն մի տառն ու հնչյունը հենց ինքն էր վերապրել…

Հայկոյի երգը տարածվեց, բարձրացավ ու երևի տանիքից էլ էն կողմ անցավ, որովհետև ես հիշում եմ երկինքները՝ նրա երգելու ժ-կ… 1986 թ- ին Դալլայի գրած երգն իհարկե մեծամեծ տենորները՝ Պավարոտտին և այլք, հասցրել էին աշխարհին արդեն, բայց իմ՝ փոքրիկ աղջնակի աշխարհում այդ երգը դրոշմվեց Հայկի կատարմամբ, նրա տարբերվող, կյանքային ու շատ հուզող կերպարով, մենակ հո չէր երգում…պատմում էր էլի… Երգը՝ սիրած աղջկա աչքերի մեջ նայող ու իր մահվան մասին պատմող Մարդու մասին… Հայկի կյանքի բոլոր երգերը սիրո ու Ապրելու մասին էին, եղել են ու կմնան: Իմ անմոռանալի Արցախն էր Հայկոյի հետ… Վերածննդի հրապարակում Համերգը, հումորները, ազատության շունչն ու Հաղթանակի բերկրանքը… Մի կյանք:

Ու, երբ նրա՝ անժամանակ հեռացումի բարկությունս դնում եմ մի կողմ, ԺՊՏՈւՄ եմ նրան, շատ եմ ժպտում, որովհետև անտանելի հումոր ուներ, առողջ ցինիզմ ու շատ կյանքի տղա էր։ Դրա համար էլ ամենառոմանտիկ կամ վերամբարձ թվացող երգը տեղ էր հասցնում…որովհետև օսլայած օձիքի հետևում բակի ծեծուջարդ էլ ուներ, ծանր կոնֆլիկտներ հարթելու ունակություն էլ, ամենառաբիզից մինչ ինտելիգենտ՝ ընկերություն անել էլ գիտեր։ Ու հա, մենք լավ ընկերներ էինք, ու կային բաներ, որ ասել պետք չէր: Ուղղակի գիտեինք: Կինոյում էլ՝ առանձին գծով կինոն էր, ու առանձին մի կինո՝ Հայկոյի երաժշտությունը… էնքան բան կա պատմելու( մի խղճուկ ինստա-ում ո՞նց մի կյանք տեղավորես, ՄԻ ՄՈԼՈՐԱԿ: Կասեմ միայն ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ, Ընկերներին, որ հիշատակը վառ են պահում, ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ, որ հիշում է ու ՆՐԱՆ, որ իր հնչյունով ՀԵՐՔԵՑ Մահը, Հավերժացրեց սերը՝ իր ամեն մի երգում, որ ԿԱՐ, ԿԱ, որ ԿԼԻՆԻ»։

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս