2024 թվականի օգոստոսի 10-ին, Ֆեստիվառ մշակութային-ժամանցային նախագծի շրջանակներում տեղի ունեցավ երկրորդ համերգը, այս անգամ՝ Իջեւանում:
Իջևանի Շատրվանների հրապարակում համերգային մեծ ծրագրով ելույթ ունեցավ երգիչ Էրիկ Կարապետյանը: Վրաստանից ժամանել էին հյուր-արտիստներ՝ Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան:
Համաձայն «Ֆեստիվառի»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջի՝ հրավիրյալ երգիչները 2-ն են եղել` Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան, սակայն միջոցառման համար կնքած պայմանագրում հրավիրված երգիչների թիվը 6-ն է, իսկ միավորի արժեքը 400 հազար դրամ, փորձերի կազմակերպումը ևս միավորի համար՝ այսինքն մեկ անձի համար կազմել է 400 հազար դրամ։
Միջոցառման երաժշտախմբի ապահովման ծախսերը կազմել են 6,5 մլն դրամ, իսկ երաժշտախումբը «Կարեն Սևակ» խումբն է եղել։ Գումարը ներառել է կացությունը, գործիքների վարձակալության ծախսերը, գործիքների տեղափոխման տրանսպորտային ծախսերը, սնունդը և փորձերի մասնակցությունը։
Համերգն արժեցել է 33,4 մլն դրամ։
Համաձայն պայմանագրի՝ Ֆեստիվառի շրջանակում անցկացվող 3 համերգների համար նախատեսվում էր 50 հազար հանդիսատես ապահովվել։
ArmLur.am-ը Հանրային Հեռուստաընկերությունից փորձեց տեղեկանալ, թե հայտնի 2 հրավիրված երգիչներից բացի, ովքեր են այն 4 հրավիրվածները, որոնց մասին չի նշվել հայտարարության մեջ և որոնց համար պայմանագրով տրամադրվել է 1,6 մլն դրամ՝ հրավիրված երգիչների համար ծախսելով 2,4 մլն դրամ գումար։
Հանրայինից հավաստիացրին՝ կճշտեն, կպատասխանեն, սակայն ավելի ուշ խնդրեցին հարցում ուղարկել։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ևս խնդրեցին հարցում ուղարկել։
Հարցումներն արդեն ուղարկված են և՛ նախարարություն, և՛ Հանրային հեռուստաընկերություն՝ ակնկալիքով, որ կստանանք անուններ՝ ովքեր են հատուկ հրավիրված մյուս 4 երգիչները և ինչու համապատասխան իրազեկում չի արվել։
Էմմա Միքայելյան