ԿԱՇԱՌՔԻ ՄԱՍԸ ԲԱՑԱՌԵԼՆ ԱՆՀՆԱՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 14:00-ին սկսվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Դատավարության ընթացքում հայցվոր կողմը ընթերցեց հայցը, պատասխանող «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը ներկայացրեց պատասխանի հիմնավորումները: Խոսեց նաեւ երրորդ պատասխանող Աննա Թորոսյանը, ով հաճախ «մոռանում» էր նախկինում ասված իր խոսքերը:
Հիշեցնենք գործի նախապատմությունը. սույն թվականի հոկտեմբերի 6-ին «Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվող պատմության ուսուցչի մրցույթ-քննության ժամանակ զրուցել էր թեկնածուներից Աննա Թորոսյանի հետ: Վերջինս դպրոցի նախկին եւ ԺՊ տնօրենների ներկայությամբ հայտարարել էր, որ «վերեւներում» արդեն ամեն ինչ որոշված է, եւ ինքը որեւէ հույս չունի, որ պատմության ուսուցիչն ինքն է լինելու:
«Ժողովուրդ»-ն Աննա Թորոսյանին հարց էր ուղղել, թե որտեղից է եզրակացրել, որ ամեն ինչ արդեն որոշված է, ինչին ի պատասխան` վերջինս նշել էր, որ մարզպետի վարորդն է իրենց ասել, թե իր մրցակից Արթուր Մխիթարյանն արդեն 3000 դոլար կաշառք է տվել մարզպետին` իր միջոցով: Ըստ Աննայի` Նվեր Պողոսյանի վարորդն անգամ իր ամուսնուն ասել էր, որ եթե ինքն իմանար, որ Աննան է Արթուրի մրցակիցը, նման «գործ» չէր անի, քանի որ Աննան մարզպետի վարորդի գյուղից է` Վահանից: Աննան վստահեցրել էր նաեւ, որ Արթուրն էլ է իրեն ասել, որ «հարցերն» արդեն լուծված են, եւ ինքն է ընտրվելու:
Ըստ մրցույթի մասնակից Աննա Թորոսյանի` անգամ դպրոցի նախկին տնօրեն Լիդա Դանիելյանն էր զգուշացրել, որ այս անգամ էլ է ինքը հիասթափվելու, քանի որ «վերեւներում» արդեն ամեն ինչ որոշված է:
«Ժողովուրդ»-ն Աննա Թորոսյանի հնչեցրած  մեղադրանքների հետ կապված հարց էր ուղղել մարզպետ Նվեր Պողոսյանին, ով բավարարվել էր «դա հերյուրանք է» բառակապակցության արտաբերմամբ: Դրանից հետո, առանց հերքման տեքստը խմբագրություն ուղարկելու, մարզպետը «վազել» էր դատարան` «Ժողովուրդ»-ից պահանջելով 2,5 մլն դրամ` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:  
Նշենք, որ մեր հրապարակման  օրը ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն էր ուղարկել ոստիկանություն` հանգամանքները պարզելու համար: Եւ հենց նույն օրը` գիշերը` ժամը 21:30-ի սահմաններում,  Աննա Թորոսյանն ու իր ամուսինը հրավիրվել էին Ճամբարակի ոստիկանություն: Հրավիրվելուց անմիջապես հետո Աննայի հեռախոսն անհասանելի դարձավ, իսկ առավոտյան արդեն Աննան «Ժողովուրդ»-ին խնդրում էր իր անունից նամակ հրապարակել եւ ներողություն խնդրել Նվեր Պողոսյանից: Ու քանի որ յուրաքանչյուր օր Աննան զանգահարում էր եւ նշում, որ եթե ներողությունը չհրապարակենք, ինքը կդիմի ինքնասպանության կամ իր ընտանիքը կկորցնի,  «Ժողովուրդ»-ը հրապարակեց նաեւ Աննա Թորոսյանի ներողությունը:
Երեկ արդեն այս ամենը քննվում էր դատարանում` դատավոր Արթուր Թամրազյանի նախագահությամբ: Դատավարությանը ներկա էին Նվեր Պողոսյանի երեք փաստաբանները, «Ժողովուրդ»-ի փաստաբան Հակոբ Ճարոյանը եւ Աննա Թորոսյանը:
Նախ Նվեր Պողոսյանի փաստաբանը ներկայացրեց իրենց հայցադիմումը, որը հիմնականում կառուցված էր այն մտքի վրա, որ «Ժողովուրդ»-ն իրավունք չուներ գրել, թե մարզպետը կաշառք է վերցրել, որ պետք է ճշտեր սկզբնաղբյուրից, պարզեր եւ այլն: Իսկ «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանը բացատրեց, որ թերթը հանդես է եկել ամբիոնի դերում: Այնուհետեւ հարց ուղղեց, թե որտեղ է մարզպետը հերքել եւ ասել, որ ինքը կաշառք չի վերցրել, փաստաբանները չկարողացան պատասխանել հարցին` շարունակելով պնդել, որ թերթն իրավունք չուներ նման վերնագիր հրապարակել. «Մարզպետը կաշառք է վերցրել»:
Դատավորը հարց ուղղեց. չե՞ք կարծում, որ թերթն ընդամենը մեջբերում է արել, Նվերի փաստաբանները միաբերան ասացին` ոչ: Իսկ երբ Հակոբ Ճարոյանն ուղիղ հարց տցվեց` «մարզպետը կաշառք վերցրե՞լ է», Պողոսյանի փաստաբանները պապանձվեցին` ասելով, որ նման ինֆորմացիայի չեն տիրապետում:
Դատարանում խոսեց նաեւ պատասխանող Աննա Թորոսյանը, որը մեր հրապարակած յուրաքանչյուր բառը հաստատում էր, բայց հենց հարցը հասավ մարզպետի կաշառք վերցնելու թեմային, Աննան հիշողության կորուստ ունեցավ. «չեմ հիշում» կամ էլ ասում էր, թե «այդ մասը հերքում եմ, գյուղի ասեկոսեներից եմ լսել»: Նա անընդհատ կրկնում էր, որ ինքն արդեն ներողություն է խնդրել մարզպետից` ասես ցանկանում էր մարզպետի ներկայացուցիչներին հասկացնել, որ իրենց ուզածն արված է` «թողե՛ք գնամ»:
Դատավարության ժամանակ «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի միջնորդությամբ լսվեց Աննա Թորոսյանի եւ մեր լրագրողի հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ Աննան հստակ պնդում է, որ մարզպետը վարորդի միջոցով կաշառք է վերցրել: Ձայնագրությունը «Ժողովուրդ»-ը փոխանցեց դատարանին:
Մոտ մեկուկես ժամ տեւած դատավարության ընթացքում «Ժողովուրդ»-ը ներկայացրեց իր փաստարկները` դատարանին բացատրելով, որ ընդամենը Աննային արտահայտվելու հնարավորություն է տվել, ապա նաեւ օգտվել է ՀՀ սահմանադրությամբ իրեն տրված` կարծիք արտահայտելու իրավունքից: Ի վերջո, դատավոր Արթուր Թամրազյանը որոշեց դատական լսումը հետաձգել մինչեւ դեկտեմբերի 5-ը` ժամը 15:00-ն: Հասկանալի է, որ ժամանակ է պետք ե՛ւ դատարանին, ե՛ւ հայցվորին` «Ժողովուրդ»-ի հակափաստարկների դեմ հարցեր տալու համար:
Հ.Գ. Հավելենք, որ մարզպետի կաշառքի գործը քննվում է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչությունում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս