ԱՆԻՄԱՍՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ չի բացառում «Ժառանգություն»-ՀՅԴ համագործակցությունը:

ՀԱՐՑ.  Արդյո՞ք հնարավոր է նման համագործակցությունը, եւ ի՞նչ կտա այն քաղաքական դաշտին:  

ՊԱՏԱՍԽԱՆ. Քանի որ  այսօր նախընտրական ժամանակաշրջան է, ուստի պետք է ասեմ, որ ամեն ինչ էլ սպասելի է: Նույնիսկ սպասելի է իրար հետ որեւէ առնչություն չունեցող կուսակցությունների համախմբումն այս կամ այն հարցի շուրջ: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի համագործակցությունը քաղաքական դաշտին  ինչ կտա, լավ կլինի հարցնել հենց այդ խմբակցություններին: Ես կարծում եմ, որ ոչինչ էլ չի կարող տալ, նման քայլի շնորհիվ նրանք ընդամենը կկարողանան լուծել առանձին մարդկանց խնդիրները, իսկ  ժողովրդին այդ համագործակցությունը ոչինչ էլ չի տա:   

ՏԱՃԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ
Կոմունիստական կուսակցության
կենտկոմի 2-րդ քարտուղար

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես համարում եմ, որ չի բացառվում նման գործընթացը, ինչպես նաեւ չի կարելի բացառել համագործակցություն ԲՀԿ-ի հետ: Կարծում եմ, որ հնարավոր է երկկողմանի ընտրություն, որի հետեւանքով էլ քաղաքական դաշտին կավելանա չորրորդ բեւեռը` 1-ինը` ՀՀԿ, 2-րդը` ԲՀԿ, 3-րդը` ՀԱԿ, իսկ 4-րդ բեւեռում հանդես կգան «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը: Չեմ բացառում, որ այս դեպքում 4-րդ բեւեռն  ուժեղանա, եւ ընտրության ժամանակ ձայների տոկոսների աճ գրանցվի, բայց եւ չի կարելի բացառել հակառակ տարբերակը, այսինքն` արձանագրվի  ձայների տոկոսների նվազում: Այս ամենը պարզ կլինի միայն հաջորդ տարի` ընտրությունների նախաշեմին:

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ
սոցիոլոգ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ հնարավոր է նման համագործակցություն, քանի որ այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ոչինչ չի կարելի բացառել: Եւ եթե լինի այդ համագործակցությունը, ընդդիմությունը   կկարողանա մեկ ճակատով հանդես գալ եւ արդյունավետ իրականացնել մոտեցող քարոզարշավը: Իսկ թե ինչ կտա այն քաղաքական դաշտին, պարզ կլինի հետո:

ԳԱԳԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դրական եմ գնահատում նման համագործակցությունը, եթե այն  պատճառաբանված է եւ ուղղված ընդհանուր գործընթացին, ոչ թե ուղղված է մեկ գործընթացի կամ դեմ է որեւէ քաղաքական ուժի: Ես կարծում եմ, որ եթե կա  գաղափար եւ տրամաբանություն համախմբման մեջ, դա հարցի այլ կողմն է, եթե ոչ, այն կդիտվի որպես արհեստական միավորում: Այդ դեպքում դժվար կլինի ասել, թե ինչ արդյունք կամ դրական եզրահանգման կբերի ՀՅԴ-«Ժառանգություն» համագործակցությունը: Այսինքն` նախ պետք է հստակեցնել, թե ինչ գաղափարի շուրջ կկայանա այդ համագործակցությունը, հետո նոր պարզ կլինի, թե այն ինչ կտա քաղաքական դաշտին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս