Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 29-ի նիստում որոշեց ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ վերցնել ԿԳՄՍՆ-ի «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ից և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը՝ իր կողմից ներկայացրած ծրագրով սահմանված 25 տարի ժամկետով, ֆուտբոլային ակադեմիա հիմնելու, բացառապես այդ նպատակով օգտագործելու պայմանով։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ընդգրկված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում:
Պետգույքի կառավարման կոմիտե է ներկայացվել «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊ ընկերության գրությունը՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Ավան, Աճառյան 20/4 հասցեում գտնվող անշարժ գույքը Ընկերությանը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու խնդրանքով։
Ընկերությունը պարտավորվել է նաև 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ, որից 20 մլն դրամը՝ 1-ին տարում, 500 մլն դրամը՝ 2-րդ տարում, 240 մլն դրամը՝ 3-րդ տարում, 120 մլն դրամը՝ 4-րդ տարում, 120 մլն դրամը՝ 5-րդ տարում:
Համաձայն ծրագրի նախատեսվում է հիմնել ֆուտբոլային թեմատիկայով նախադպրոցական ուսումնական հաստատություն, քանի որ Յուվենտուսի ֆուտբոլային ակադեմիաների մարզական ծրագիրը նախատեսված է 5-17 տարեկանների համար։
Յուվենտուսը մշակել և ներդրել է «Piccolo Campione» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս նաև 2-5 տարեկան երեխաներին ստանալ նախադպրոցական կրթություն ֆուտբոլային թեմատիկայով և ֆուտբոլային դասաժամերով։ Նշված ծրագիրը հաջողությամբ իրականացվում է մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
«Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ի գրության համաձայն ՍՊԸ-ն միակ ընկերությունն է, որը կնքել է պայմանագիր աշխարահրչակ «Յուվենտուս» ակումբի հետ՝ Հայաստանում ֆուտբոլային ակադեմիա հիմնելու համար։
Գույքի նկատմամբ «ԱՆՏ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-Ի կողմից իրականացվել է շուկայական արժեքի գնահատում, որը 2024-ի ապրիլի 30-ի դրությամբ կազմում է 3,77 մլրդ դրամ։