Համալիրը կես գնով վաճառեցին՝ «պապայի արև» խոստման դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը կնքեց հերթական մութ գործարքը. այս անգամ արդեն դա արեց՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը վաճառելու համար:

ՀՀ Կառավարության երեկ ընդունած որոշման համաձայն՝ մարզահամերգային համալիրի գնահատված արժեքը կազմում է 27 միլիարդ 568 միլիոն 962 հազար 455 դրամ:

Նշենք, որ այդ արժեքի մեջ մտնում են մարզահամերգային համալիրը` 46 հազար 335.7 քառ. մետր մակերես տարածքով, 40 եւ 50 քառ. մետր մակերեսով օժանդակ շինություններ, 2 հազար 800 քառ. մետր մակերեսով ջրավազաններ եւ աստիճանները, 3 հազար 851.3 քառ. մետր մակերեսով մեկ այլ ջրավազան:

Բացի այդ՝ նույն գործարքով մարզահամերգային համալիրի հետ միասին վաճառվեցին նաեւ 1 միլիարդ 575 միլիոն 37 հազար 555 դրամ արժեքով գնահատված 9 հեկտար 5 հազար 595 քառ. մետր մակերեսով հողամաս: Վերը բերված ողջ գույքը, որի ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 29 միլիարդ 144 միլիոն դրամ, կամ նույն է թե՝ 60 միլիոն 716 հազար դոլար, վաճառվեց «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին, որի գրանցման հասցեն է` Երեւան, Հր. Քոչարի փողոց, 22/15 շենք: Իսկ ամենախայտառակն այն է, որ մարզահամերգային համալիրի վաճառքի գինը սահմանվել է միայն գնահատված արժեքի կեսը` 30 մլն դոլար: Այսինքն՝ «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը մարզահամերգային համալիրի եւ նրա կից հողատարածքների համար պետք է վճարի ընդամենը 30 մլն դոլար:

Ի դեպ, նշված մոտ 10 հեկտար հողատարածքը, ինչպես հասկանում ենք, իր մեջ ներառում է մարզահամերգային համալիրի հարեւանությամբ ողջ բլուրը:

Որոշման կետից մեկով էլ նախատեսվում էր, որ մարզահամերգային համալիրի հարեւանությամբ գտնվող 8 հեկտար 5 հազար 470 քառ. մետր մակերեսով հողատարածքը եւս առաջիկայում պետք է վաճառվի նույն գնորդին: Ուստի բացառված չէ, որ մի օր էլ կարող է պարզվի՝ ՀՀ Կառավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւս վաճառել է:

Ինչեւէ, ինչ է իրենից ներկայացնում «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ընկերությունը, որ նրան նման պատվի են արժանացնում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ընկերությունը գրանցվել է ընդամենը 20 օր առաջ: Նրա հիմնադիրն Արմեն Զավենի Գեւորգյանն է` ծնված 1970 թվականին:

Իսկ ընկերության՝ վերը բերված հասցեն նույն Արմեն Գեւորգյանի բնակության հասցեն է, որտեղ նա հաշվառված է եւ բնակվում է իր երկու զավակների եւ կնոջ հետ: Այսինքն՝ ՀՀ Կառավարությունը մարզահամերգային համալիրը վաճառում է մի ընկերության, որը օրերս է ստեղծվել եւ ակնհայտ է, որ հենց այս գործարքի համար: Հաշվի առնելով, որ գործադիրը ցանկանում է մարզահամերգային համալիրը նման մութ ճանապարհով օտարել, ապա կարելի է ասել, որ դրա իրական գնորդը Կառավարության նիստերի դահլիճում գտնվող անձանցից մեկն է կամ էլ նախագահականում է նստած:

Ի դեպ, Կառավարության ոչ բոլոր անդամները նման կշիռ ունեն, որ կարող են իրենց համար նման մութ գործարք կազմակերպել:

Իսկ ինչպես է Կառավարությունը հիմնավորում մարզահամերգային համալիրը կոնկերտ այս «նորածին» ընկերությանը վաճառելը: Պարզվում է՝ 20 օր առաջ` հուլիսի 20-ին ստեղծված ընկերությունը հասցրել է Կառավարությանը ներդրումային ծրագիր ներկայացնել, եւ խոստացել են, որ նախ կվերանորոգեն մարզահամերգային համալիրի շենքը: Իսկ ամենակարեւորն այն խոստումն է, որ նախատեսում են տարածքում կառուցապատում իրականացնել եւ կառուցել «ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն»:

Այս կառույցը, ըստ խոստման, պետք է ներառի «հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ եւ խաղատուն: Հյուրանոցներն ունենալու են 350-ից ավել ընտանեկան ոճի սենյակներ: Փակ ջրային ատտրակցիոնն ունենալու է ավելի քան 18 հազար քառ.մետր մակերես, աշխատելու է 12 ամիս»:

Ըստ խոստման՝ չորս տարում 100 մլն դոլարի ներդրում պետք է կատարվի: Առաջին հայացքից թվում է, թե գայթակղիչ ծրագիր է: Բայց ամեն ինչ վկայում է այն մասին, որ այս ամենն ընդամենը խայծ է եւ դատարկ խոստում` այս մութ գործարքն արդարացնելու համար: Թե չէ «պապայի արեւ» մակարդակի խոստումներն այնքան էլ արժանահավատ չեն:

Ի վերջո, եթե այդ Արմեն Զավենի Գեւորգյանը նման ֆինանսական հնարավորությունների տեր գործարար է, որի մասին մինչ օրս ոչ ոք չի լսել, ապա ինչու մինչ այս նա իր ծրագիրը մեկ այլ վայրում չէր իրականացնում, ինչու է հենց մարզահամերգային համալիրն ընտրել: Ի վերջո, մարզահամերգային համալիրը պատմամշակութային արժեք է: Երեւանի շուրջբոլորը բազմաթիվ ազատ տարածքներ կան, ինչու են որոշել մարզահամերգային համալիրը «մխտռել» ու շինություններով շրջափակել:

Ի դեպ, այս ծրագրի հետ կապված մյուս ուշագրավ պահն այն է, որ այդ համալիրում մտադիր են խաղատուն կառուցել: Ինչպես հայտնի է՝ 2003 թվականին ընդունված ՀՀ օրենքով Երեւանի տարածքում արգելվում է խաղատուն կառուցել: Բայց պարզվոմ է՝ ինչ-որ մարդկանց քմահաճույքների համար պատրաստվում են ՀՀ օրենսդրությունն էլ փոխել:

Վահագն Հովակիմյան




Լրահոս