«Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն օտարվում է, սակայն 2027-ին պետք է Ֆրանկոֆոնիայի բացման և փակման արարողությունն անցկացնեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր հաստատեց անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու, «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով նախօրոք հայտնի գնորդին մասնավորեցնելու մասին նախագիծը։

«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենքը, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ վերցնել ԿԳՄՍՆ-ի «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ-ից և օգտագործման իրավունքով տրամադրել «Նեքստ Ջեն Սպորտս» ընկերությանը՝ իր կողմից ներկայացրած ծրագրով սահմանված 25 տարի ժամկետով, ֆուտբոլային ակադեմիա հիմնելու, բացառապես այդ նպատակով օգտագործելու պայմանով»,- ասված է որոշման մեջ։

Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1,000,000,000 (մեկ միլիարդ) ՀՀ դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի։ Սահմանել, որ գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետա­կան բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի: Ընկերությունն 1-ի գնահատված պարտավորությունները 2023 թվականի հոկտեմբերի 31-ի (հաշվետու ժամանակահատված) դրությամբ կազմել են 18,692.8 հազ. դրամ, այդ թվում՝

1) ոչ ընթացիկ պահուստներ՝ 1,008.1 հազ. դրամ,

2) կրեդիտորական պարտքեր գնումների գծով՝ 377.9 հազ.դրամ,

3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր ՀՀ պետական բյուջեին՝ 8,075.4 հազ. դրամ,

4) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 5,692.4 հազ. դրամ,

5) այլ ընթացիկ պարտավորություններ՝ 3,539.0 հազ.դրամ: Ընկերությունը պարտավորվել է  5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ, որից 20 000 000 դրամը՝ 1-ին տարում, 500 000 000 դրամը՝ 2-րդ տարում։ Այս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։

Ընկերություն 1-ի 2019-2023 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով շահութաբաժինների վճարման գծով պարտավորություններ չկան։ Ընկերություն 1-ի պարտավորությունները 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 19,306.805 հազ. դրամ:

ArmLur.am-ը նկատեց, որ խոսքը վերաբերվում է ոչ թե  «Հրազդան» մարզադաշտին, այլ «Հրազդան մարզահամալիր»-ին պատկանող տարածքին, որը գտնվում է Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում ֆուտբոլի ակադեմայի հարևանությամբ։

ՀՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։

Նախագծով սահմանվել է նաև դրույթ, համաձայն որի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Կոմիտեն պետք է ապահովի «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման համապատասխանաբար  պայմանագրերի լուծումը։

Համաձայն նախագծի ամփոփաթերթի՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունը չի ընդունել և չի համաձայնել որոշ պայմանների հետ, մասնավորապես․
«Առաջարկում ենք հստակեցնել, թե ինչով է պայմանավորված 10 տարի տարաժամկետ վճարման տարբերակի ընտրությունը։ Այդ պարագայում տարեկան վճարման գումարը կազմելու է ընդամենը 189.0 մլն դրամ:

Անհասկանալի է կոնկրետ «Նեքսթ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ի ընտրությունը։ Կարծում ենք, շուկայում կան այլ կազմակերպություններ, որոնք ունեն ակումբներ հիմնելու, նմանատիպ ներդրումային ծրագրեր իրականացնելու փորձառություն, որոնք կարող են ներկայացնել առավել մրցունակ պայմաններ:

Ինչպես նաև, առաջարկվող Նախագծով, առանց մրցույթի անհատույց օգտագործման իրավունքով Անշարժ գույք տրամադրելու և «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ուղղակի վաճառքի ձևով իրացնելու արդյունքում նվազելու է պետության և/կամ համայնքի եկամուտներ գեներացնելու հնարավոր բազան, անհրաժեշտ է ներկայացնել պետական սեփականություն հանդիսացող Անշարժ գույքի  այլընտրանքային օգտագործման արդյունքում հնարավոր եկամուտների վերաբերյալ հաշվարկներ, օրինակ՝ վարձակալությամբ տրամադրման կամ վաճառքի դեպքերում»,- ասված է նախարարության մեկնաբանության մեջ։

ՀՀ Ֆինանսների նախարարությունն առաջարկել է նաև հողերն օտարել մրցութային կարգով։

ArmLur.am-ը նկատեց, որ իր հերթին կարծիք է հայտնել նաև  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ մենկաբանելով հետևյալ կերպ․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի, սակայն առաջարկում է նախագծում լրացնել  նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց և անժամկետ oգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ։

Միաժամանակ՝ հայտնում եմ, որ համաձայն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտարկման՝ «Հրազդան մարզահամալիրում» նախատեսվել է անցկացնել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի բացման և փակման հանդիսավոր միջոցառումները, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում իրականացվող որոշ մրցաշարեր»։

Նախագիծը նախատեսվում է կատարել 5 տարում, սակայն հաշվի չի առնվել, որ Ֆրանկոֆոնիայի բացման և փակման արարողությունները անցկացվելու են հենց այդ հասցեում, որն, ինչպես հասկանում ենք, 2027 թվականին անսարք վիճակում է գտնվելու։

Էմմա Միքայելյան




Լրահոս