ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագետների հավաստագրման անցումային կարգում կատարվել է փոփոխություն։ Արդյունքում լուծվում է այն մասնագետների խնդիրը, որոնք, ունենալով կրթություն քաղաքաշինական գործունեության մեկ ոլորտում, սակայն փաստացի գործունեություն ծավալելով քաղաքաշինական մեկ այլ ենթաոլորտում, չէին կարողանում հավաստագրվել urban.e-gov.am հարթակում՝ որակավորման եւ աշխատանքային փորձի անհամապատասխանության պատճառով։

 

Հաշվի առնելով, որ խնդրին առնչվում էին ոլորտի բավական մեծ խումբ մասնագետներ՝ քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ փոփոխություն է կատարվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 6-ի «Քաղաքաշինության գործունեության սուբյեկտների լիցենզիաների դասակարգման եւ պատասխանատու մասնագետների հավաստագրման անցումային կարգը հաստատելու մասին» N 15-Ն հրամանում։

Երկրորդ հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ սահմանվել է, որ եթե հայտատուն հանդիսանում է պատասխանատու մասնագետ եւ ունի «Քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված քաղաքաշինական գործունեության տեսակին եւ ենթատեսակին համապատասխան հայցվող համապատասխան ենթաոլորտում աշխատանքային 10 տարվա փորձառություն եւ համապատասխան որակավորում (բազային կրթություն), ապա կարող է քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am հարթակի միջոցով դիմել պատասխանատու մասնագետի կարգի շնորհման եւ հավաստագրման համար: Օրինակ՝ «Ավտոմոբիլային ճանապարհներ» մասնագիտությամբ դիպլոմ ունեցող մասնագետն արդեն կկարողանա դիմել իր աշխատանքային փորձին համապատասխան մեկ այլ ենթատեսակի, օրինակ՝ բնակելի, հասարակական եւ արտադրական կառույցների շինարարության հավաստագիր ստանալու համար։ Հայտը լրացնելիս «Կրթություն» բաժնում պետք է ընտրել «Բազային» տարբերակը։

Կարեւոր է նշել, որ անցումային կարգով հավաստագրվելու հնարավորությունը ստանալուց հետո արդեն հաջորդ շրջափուլի հավաստագիրը ստանալու համար մասնագետները պետք է վերաորակավորում անցնեն՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 4-ի N 478-Ն որոշմամբ հաստատված վերաորակավորման կարգի համաձայն:

Հիշեցնենք, որ մինչեւ 2024 թ. սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն` լիցենզիայի ներդիրում որպես պատախանատու մասնագետ ընդգրկվելու համար։ Քաղաքաշինության կոմիտեն հորդորում է ոլորտի ներկայացուցիչներին շտապել եւ վեջնաժամկետին ընդառաջ՝ ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով եւ հայտերի ներկայացումը չթողնել վերջին օրվան։

 

 

 

ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով՝ հաստատվել է 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը:

Հիշեցնենք՝ ՀՀ պետական եւ ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը եւ բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը եւս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:

5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ: ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում, իսկ 2024/25 ուսումնական տարվանից նաեւ 3-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ դասարաններում ուսուցումն իրականացվելու է նոր ստեղծված դասագրքերով: Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը (բացառությամբ 2-րդ եւ 3-րդ դասարանների դասագրքերի, որոնք տրամադրվում են անվճար) հիմնականում նվազել են, որը պայմանավորված է դասագրքերի ստեղծման համար սահմանված նոր ընթացակարգերով:

 

 

 

ՀԷՑ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԼՈՒԾՎԱԾ ԵՆ

Դեռ հուլիսի 6-ին «Երեւան հէկ»-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով էլ հաճախակի հոսանքազրկումներ էր էին լինում, հատկապես՝ կենտրոնում։

Այս խնդրով պայմանավորված՝ ՀԷՑ-ից հայտնել էին, որ, ըստ նախնական կանխատեսման, առաջացած խնդիրները կվերացվեն մինչեւ օգոստոսի 10-ը։

Չնայած այն հանգամանքին, որ հուլիսի 6-ից անցել է արդեն 1 ամիս եւ ավելի, իսկ օգոստոսի 10-ն էլ վաղուց անցել է, խնդիրը շարունակում է մնալ ակտուալ, այսինքն՝ երեւանյան շատ հասցեներ շարունակում են պարբերաբար հոսանքազրկվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը զրուցել էր էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում դեռ հուլիս ամսին նշել էր, որ ամենաշատը 3 շաբաթում հնարավոր է վերականգնել ամեն բան։

Հավելենք, որ օրերս էլ պարզ դարձավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ՀԷՑ-ին հարուցել է վարչական վարույթ` 20 միլիոն դրամի չափով։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի եւ ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ընդունվել է։

Ինչպես արդեն նշել՝ հոսանքազրկումները մինչ օրս չեն դադարում, այդ իսկ պատճառով ArmLur.am-ը կապ հաստատեց ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ՝ պարզելու՝ արդյոք այդ հոսանքազրկումները կապվա՞ծ են ՀԷԿ-ի հրդեհի հետ, թե՞ այլ պատճառ կա այս անգամ։

Մեզ հետ զրույցում Նատալյա Սարջանյանն ասաց. «ՀԷԿ-ի խնդիրը լուծված է։

Ժամկետը մինչեւ օգոստոսի 10-ն է եղել, բայց մալուխային տնտեսության հետ կապված խնդիր կար, դրա համար մի փոքր երկարաձգվեց, բայց հիմա արդեն բոլոր աշխատանքները ավարտված են»։

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լրագրող Ոսկան Սարգսյանին բողոքով դիմել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, ովքեր չեն կարողանում օրինականացնել իրենց կառուցած շինությունները։ Նրանք ասացին,որ նման բնակիչների թիվը հարյուրներով է։ Այդ բնակիչներն ասացին, որ 2021թվականին, երբ Դիլիջանում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց ՔՊ-ական Դավիթ Սարգսյանը, քաղաքապետարանից իրենց ասել են, որ կարող են կադաստրում 25 հազար դրամ մուծել, որից հետո իրենց շինությունները կօրինականացվեն։ Այդ գումարը հարկավոր էր ինքնակամ կառույցները չափագրելու աշխատանքների համար։ Անցել է 3 տարի, սակայն այդ օբյեկտները չեն օրինականացվում, քաղաքապետարանն էլ մարդկանց սպառիչ պատասխան չի տալիս։ Դիլիջանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում պարբերաբար հրապարակվում են Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի որոշումները, որոնցով օրինականացվում են ինքնակամ բազում կառույցներ։ Բողոքող դիլիջանցիները կարծում են, որ այդ գործում առկա է կոռուպցիա։ Բնակիչները հայտնեցին, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք գործարար Ռուբեն Վարդանյանը Դիլիջան քաղաքում գնել է մեծ քանակով անշարժ գույք, նրա պահանջով ստեղծվել է ճարտարապետական խումբ, առանց որի եզրակացության Դիլիջանում շինթույլտվություններ չեն տրվել, ինքնակամ կառույցները չեն օրինականացվել։ Բողոքողները չգիտեն` այժմ այդ խումբը գործո՞ւմ է, եթե գործում է, ինչո՞ւ իրենց ինքնակամ կառույցների վերաբերյալ այդ խումբը որոշումներ չի կայացնում։ Այս խնդիրների վերաբերյալ հարկ է ստանալ Դիլիջանի համայնքապետարանի պարզաբանումը, սակայն Դիլիջանի քոլեջի շրջանավարտ, անձնական գործում իր սեռը «արու» գրած համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, խախտելով ՀՀ սահմանադրությունը եւ  «Տեղեկատվական ազատության մասին»  օրենքը, չի պատասխանում մեր  լրագրողի տեղեկատվական հարցումներին։

 

 

 

ԴԵՌ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՆ

Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Դիլիջան համայնքի տարածքում` Դիլիջանի  «Գետափ» ռեստորանի ճարակից տարածքում` Թեղուտ գյուղի մոտ, ճանապարհի եզրի շատ հատվածներ քանդված են, դրանք վտանգ են ներկայացնում երթեւեկության համար։ 3 ամիս առաջ՝ մայիսի 27-ին, վարարած Աղստեւը շատ տեղերում քանդել է ճանապարհի եզրը։ Զանգահարեցինք Դիլիջան համայնքի տարածքում միջպետական ավտոճանապարհի սպասարկում իրականացնող  «Քյավառ սերվիս»  ՍՊԸ-ի փոխտնօրեն Հրայր Մուսոյանին։ Նա ասաց, որ ճանապարհի եզրի քանդված հատվածների վերականգնման նախագծերի մշակման աշխատանքեր են ընթանում, որից հետո դրանց շինարարության մրցույթ կանցկացվի։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս