Այս պահին լրագրողների հետ հանդիպմանը էկոլոգիական հասարակական դաշինքի անդամներ Գրետա Գաբրիելյանն ու Սիլվա Ադամյանը ներկայացնում են Մելիք գյուղի երրորդ պոչամբարի բացման հարցով նոր լսումները: Նրանց համոզմամբ` դրանք իրականացվում են ոչ պատշաճ կարգով:
«Մենք չկայացած համարեցինք այդ լսումները, քանի որ ներկա էր միայն գյուղապետը: Հետո լսեցինք նաև գյուղացիներին, որոնք ասացին, որ դեմ են դրա բացմանը: Դրանից հետո` մարտի 28-ին, բնապահպանության նախարարը չորրորդ անգամ անցկացրեց պատշաճ լսումներ»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Իսկ Գրետա Գաբրիելյանի փոխանցմամբ` գյուղապետը ցանկանում էր հանդիպումը կազմակերպել գյուղապետարանում:
«Գյուղը մնացել է ծայրահեղ անկման մեջ. փողոցները ցեխոտ, առաստաղը շուռ է գալիս: Գյուղացիներն ասել են՝ կարող ա շենքը փուլ գա ձեր վրա, մենք ներս չենք գա: Նրանք խոստովանեցին` ասելով՝ մեր աչքերը խուփ էին: Ասում են` մեր կարտոֆիլը ջրելիս թանանման հեղուկ է գալիս, որից հետո կարտոֆիլը չորանում է, երիտասարդներն էլ ասում էին, թե մենք մեզ ծերացած ենք զգում»,- պատմեց Գրետա Գաբրիելյանը:
Նրա փոխանցմամբ` նախագծում նշված է, որ պոչամբարը գյուղից 800 մետր հեռավորության վրա է, սակայն դա նույնպես մոտիկ է համարվում: Սրան հակառակ` գյուղացիներն էլ ասել են, թե 200 մետր է:
«Հովիկ Նիկողոսյանն ասել է, որ ինձ տվել են պայմանական կոորդինատներ: Սա տիպիկ է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի կայացմանը: Ամեն ինչ արվում է իմիտացիոն ձևով. ինչպես գրվում է, այնպես էլ անցնում է: Կախված չէ փորձագետի կարծիքից, ամեն ինչ գալիս է վերևից, նախարարությունից:
Դրական եզրակացություն տալու հանձնարարություն դեռևս չկա: Հույս ունենք, որ գոնե այս անգամ կտրվի բացասական եզրակացություն»,- ասաց Գաբրիելյանը: