Քաղաքացիներն անհի՞մն են բողոքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տևական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը բազմաթիվ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում` կապված սպառած էլեկտրաէներգիայի և գազի աննախադեպ բարձր վարձավճարների հետ: Քաղաքացիները պնդում են, որ թեև փետրվար ամսին ավելի քիչ քանակությամբ են գազ և էլեկտրաէներգա սպառել, բայց ամսվա վերջին ներկայացված հաշիվներն ավելի մեծ են, քան հունվար ամսինը:

«Ժողովուրդ»-ին դիմած քաղաքացիներից մեկը` տիկին Անահիտը(առայժմ չենք հրապարկում քաղաքացու բնակության հասցեն) տեղեկացրեց, որ հունվար ամսին սպառած գազի վարձը կազմել է 48 հազար դրամ, իսկ փետրվար ամսին, երբ բնակարանը գազով ջեռուցել են, ընդամենը 17 օր, ստացել են 61 հազար դրամ վարձավճարի հաշիվ: Եվ հունվար ամսվա վարձավճարը չվճարելու պատճառով փետրվարի 24-ին գազն անջատել են:

ՙԵթե ամբողջ հունվար ամսվա սպառած գազի վարձը կազմել է 48 հազար դրամ, այդ ինչպես ստացվեց, որ փետրվարին, միայն 17 օր օգտագործելուց հետո, այն կազմել է 61 հազար դրամ: Աբսուրդ է: Մենք էլ չենք մուծում, որովհետև ոչ միայն հնարավորություն չունենք, այլև մեզ խաբված ենք զգում: Գուցե ինչ-որ բան է կատարվում հաշվիչի հետ՚,- զայրացած նշեց տիկին Անահիտը:

Նմանատիպ իրավիճակից, սակայն արդեն կապված էլեկտրաէներգիայի հաշվիչների հետ,  օրերս «Ժողովուրդ»-ին բողոքել էին նաև  Էջմիածին քաղաքի  Մարգարայի խճուղու բնակիչները: Մոտ 18 ընտանիք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել  էր,  որ հունվար ամսվա սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարի չափը բարձր է եղել: Բնակիչներից մեկը ՝ Գագիկը, նշել էր. «Հունվար ամսվա էլեկտրաէներգիայի վարձը կազմել էր 22 հազար 610 դրամ, բայց վստահեցնում եմ ձեզ, որ քիչ էինք օգտագործել: Էլեկտրիկն եկավ, բոլորս էլ հավաքվեցինք ու մի լավ զայրացանք: Արի ու տես, որ դրանից հետո փետրվար ամսվա գումարը քիչ էր, ուղիղ կեսը: Բայց սովորականի նման էինք հոսանքն օգտագործել: Բա դա տրամաբանությո՞ւն է»:

Հարցի կապակցությամբ ոլորտին քաջատեղյակ, Հասարակական էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զարմացավ` նշելով, որ գազի տեսուչը չի կարող սպառածից «ավել թիվ» գրել: Տեղեկացնենք, որ տիկին Ադամյանը ժամանակին աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում:

«Բնակիչները, եթե դժգոհում են, պետք է դրա պատճառը այլ տեղ որոնեն: Բայց փաստը մնում է փաստ, որ երբ տեսուչները գնում են այս ահազանգերի և բողոքների հետքերով ու համապատասխան ստուգումներ անցկացնում, հետո պարզվում է, որ խնդիրն այլ էր: Գուցե շատ են սպառել, չէ որ փետրվար ամիսն այնքան էլ տաք չէր»,- նկատեց տիկին Ադամյանը: Մեր զրուցակցի խոսքով` հնարավոր է, որ հաշվիչները խնդիր ունեն կամ անսարք են, ինչի համար էլ կարող են արագ պտտվել:

«Յուրաքանչյուր հինգ տարին մեկ գազի հաշվիչները տարվում և համապատասխան լաբորատոր փորձաքննության են ենթարկվում: Իսկ երբ բացահայտվում է, որ ինչ-որ բան այն չի եղել հաշվիչի հետ, անպայման բնակիչների նկատմամբ տուգանքներ են կիրառվում»,- բացատրեց տիկին Ադամյանը:

Զրույցի ընթացքում նա հիշեցրեց, որ խորհրդային տարիներին գազի խողովակներն անցկացվել են գետնի տակով, իսկ հիմա դրանք ակնհայտ երևում են: Դա էլ կարող է պատճառ հանդիսանալ գազի ճնշման կորստի:

«Պետք է բնակիչներին ամեն նրբության մասին իրազեկվի, որպեսզի նրանք դադարեն մտածել կամ անհանգստանալ, թե հսկիչը գազ է գողացել կամ էլ հաշվիչի հետ ինչ- որ բան այն չի արել»,- նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի հաշվիչներին` նա հայտարարեց, որ այստեղ մարդիկ նման քայլերի շատ են գնում: Բացի այդ, հաշվիչները ոչ միշտ են ենթարկվում լաբորատոր փորձաքննության: ՙԵվ մինչև բաժանորդը չպահանջի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը չի արձագանքի»,- նշեց նա` հավելելով նաև հոսանքի պարբերական տատանումների ու անջատումների հետ կապված խնդիրները:

Ստացած բողոքի կապակցությամբ զրուցեցինք նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մամլո խոսնակ Շուշան Սարդարյանի հետ. «Եթե քաղաքացին դժգհություն ունի, ապա նա կարող է դիմել տեղամասային ծառայություն կամ մեզ` հասկանալու, թե ինչն է խնդիրը: Չի կարող վճարը սպառած գազի չափից ավելի լինել, համապատասխանաբար, իրենց սպառած գազի չափով էլ գումարները կազմում են: Լինում են դեպքեր, երբ պարզվում է, որ քաղաքացին դեկտեմբեր ամսվա սպառած գազի վարձը պարտքով է թողել և այն գումարվել է արդեն փետրվար ամսին սպառած գազի գումարին»:

Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ կառավարության նիստում քննարկվեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի` նախագիծը կոչված էր պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»:

Սակայն կառավարության եզրակացության համաձայն` օրինագիծը նոր հարցեր էր հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով` լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտավ, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս