Մեկնարկել է Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Գրքի տոնավաճառի ընթացքում գնորդներին կտրամադրվի 20-ից 40% պարտադիր զեղչ:

Ծրագրում նախատեսված են երեսուներկու միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանցի գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բանավեճեր, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։

Փառատոնի փակման արարողության ժամանակ (սեպտեմբերի 8, 19:00) տեղի կունենա մրցանակաբաշխություն, և հայտնի կդառնան գրական մրցույթի հաղթողները «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» և «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։

Փառատոնն իրականացնում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն կրթամշակութային» հասարակական կազմակերպությունը Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ:

Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշեց.

«Փառատոնն այս տարի առանձնանում է յուրահատուկ նախաձեռնությամբ, փառատոնի շրջանակներում ողջ երեկոյի ընթացքում կցուցադրվի թանգարանային բացառիկ նմուշ՝ արևմտահայ գրող Միսակ Մեծարենցի մատանին: Գրականության և արվեստի թանգարանում են պահվում հայաստանցի, սփյուռքահայ գրեթե բոլոր գրողների, գրական գործիչների և ոլորտի երևելիների անձնական արխիվները: Արխիվները ներառում են ոչ միայն գրավոր ժառանգության նմուշներ այլև անձնական իրեր՝ այդ թվում կահկարասի, հագուստ, զարդեր և այլն: Հենց այս արխիվին է պատկանում Միսակ Մեծարենցի մատանին, որը սովորական մատանի չէ, կիսաթանկարժեք, երկշերտ քարից պատրաստված մատանի է, որը նվիրել է իր մայրը: Բանաստեղծը կրել և փայփայել է այն իր ողջ կյանքի ընթացքում»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշեց, որ հավանաբար մյուս տարի փառատոնը կկայանա նաև մարզերում:

Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Գրականության ոլորտի ամենամեծ նախագիծն իրականացվում է 2017 թվականից:

Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է:

Այս տարի երևանյան գրքի միջազգային յոթերորդ փառատոնի գլխավոր ձևավորողը Վիլյամ Կարապետյանն է:

Փառատոնի մուտքն ազատ է (12:00-21:00):

Լիլիթ Նալբանդյան




Լրահոս