Որպես կանոն, հանքարդյունաբերությունից գանձվող հարկերը տրվում են տվյալ տարածքի բարեփոխումների համար:
Սակայն Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրից ստացված գումարների ճակատագիրն անհայտ է: Այս մասին լրագրողներին հայտնեցին «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամներ Գրետա Գաբրիելյանն ու Սիլվա Ադամյանը: Նրանց փոխանցմամբ` երբ իրենք գյուղապետին հարցրել են, թե ինչի վրա են ծախսվել այդ գումարները, գյուղապետը պատասխանել է, թե ինքը նոր է և ոչ մի գումարից տեղեկություն չունի:
«Գյուղապետի նոր լինելը ալիբի է իր համար, քանի որ դա նրան հնարավորություն է տալիս խուսափել պատասխանից: Բայց ինքն արդեն մեկուկես տարի է` գյուղապետ է, իսկ հաշվետվություն գալիս է ամեն տարի: Ու հարց է առաջանում` ո՞ւր են գնում այդ գումարները»,- նշեց Գաբրիելյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ գյուղապետն անգամ նախապես տեղյակ չի լինում, որ պետք է հանքավայրերի շահագործման վերաբերյալ հանրային լսումներ իրականացվեն: Գյուղապետն իրենց հայտնել է, որ իրեն լսումների օրն են զանգահարել և ասել, որ ինքը պետք է լսումներին ներկա լինի:
Էկոլոգիական հասարակական դաշինքի անդամները տեղեկացրին նաև, որ իրենք խնդրի մասին տեղեկացրել են ԱԺ-ին, որպեսզի այնտեղ համապատասխան հանձնաժողովի մասնակիցները քննարկումներ իրականացնեն՝ ճիշտ որոշում կայացվնելու համար: Նրանց գնահատմամբ` Թուխմանուկը փոքր հանքավայր է, սակայն իր խնդիրը տիպիկ է բոլոր հանքավայրերին: