Տավուշում հանքերի շահագործում կիրականացվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոյեմբերյանի «Ռեստարտ» երիտասարդական նախաձեռնող խումբը» երկրաբանահետախուզական եւ հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու պահանջով նախաձեռնել եւ իրականացնում է ստորագրահավաք: Համայնքի բնակիչները ստորագրում են Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանին ուղղված դիմումը, որը կոչվում է հանրագիր: Այդտեղ վկայակոչված է ՀՀ Սահմանադրությունը, այդ թվում` հիմնական օրենքի 12-րդ հոդվածը` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է հոգ տանել շրջակա միջավայրի պաշտպանության մասին»:

Հանրագրի մասնակիցները Նոյեմբերյան համայնքի ղեկավարին հիշեցնում են. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` «Համայնքի ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաեւ համայնքում հաշվառված, տասնվեց տարին լրացած անձանց ոչ պակաս, քան մեկ տոկոսը տասը հազարից ավելի բնակիչ ունեցող համայնքներում: Ավագանու նիստի օրակարգում հարց ընդգրկելու նախաձեռնությունը ստորագրում են համայնքի` դրան կողմ բնակիչները եւ ներկայացնում են համայնքի ղեկավարին: Համայնքի բնակիչների նախաձեռնությունը ներկայացվում եւ քննարկվում է ավագանու նիստում ոչ ուշ, քան համայնքի ղեկավարի կողմից դրա ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում»:

Նոյեմբերյան համայնքի բնակիչները հանրագրով խնդրում եւ պահանջում են Նոյեմբերյան համայնքի վարչական տարածքում արգելել մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, հանքավայրերի շահագործման հետ կապված աշխատանքները, քանի որ Նոյեմբերյանի բնակիչներն իրենց ապագան տեսնում են էկոտուրիզմի, գյուղատնտեսական տուրիզմի, անասնապահության, մեղվաբուծության եւ այլ հարակից բնագավառների զարգացման մեջ։ Ստորագրահավաքը հատկապես ակտիվ է ընթանում Նոյեմբերյան քաղաքում, Նոյեմբերյան համայնքի մաս կազմող սահմանամերձ Բերդավանում գյուղում:

«Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում է 2018-2021թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Դա առաջացրել է Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների խիստ դժգոհությանը, որից հետո` մարտի 15-ին, «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ն հայտարարեց. «Առաջնահերթ կարեւորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»` դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:

Այդ որոշմանը նախորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն»: Նոյեմբերյանի տարածաշրջանի երիտասարդությունը, այնուամենայնիվ, մտավախություն ունի, որ «Պոլիմետալ Արմենիան» կամ այլ ընկերություն Նոյեմբերյանի տարածաշրջանում կարող է երկրաբանահետախուզում եւ հանքերի շահագործում իրականացնել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս