Երևանում՝ Օրբելի-Բաղրամյան փողոցների խաչմերուկում՝ զինվորական հոսպիտալի նախկին շենքի տարածքում, նոր թաղամաս է կառուցվելու։
Թաղամասն ունենալու է 5 բազմահարկ շենք 35 հարկանի երկնաքերեր։ Օրբելի-Բաղրամյան խաչմերուկում երկնաքերներ կառուցողը «Ռենշին» ընկերությունն է։ Նախագծման աշխատանքները, ինչպես տեղեկանում ենք Ռենշին ընկերության պաշտոնական կայքից, կատարել են արտասահմանյան ընկերություններ․
«Ինժեներիա ՝ ARUP ՝ ինժեներաշինարարական լուծումներում համաշխարհային առաջատարներից, ճարտարապետությունը ՝ միջազգային Laguarda.low ընկերությանկողմից»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը անմիջական կապ ունի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Ինքը՝ փոխվարչապետը, խուսափում է որևէ արձագանք տալ հերքել կամ հաստատել, սակայն, ըստ ArmLur.am-ի տեղեկությունների, Մհեր Գրիգորյանի հովանավորչությամբ է «Ռենշին» ընկերությունը հաջողություներ գրանցում կառուցապատման ոլորտում։
«Ռենշին» ՍՊԸ-ն երկու բաժնետեր ունի՝ Արայիկ Կարապետյանը և Էդուարդ Մարությանը․ նրանք հավասարապես տիրապետում են ընկերության բաժնետոմսերին 50/50 մասնաբաժիններով։
Հավելենք, որ զինվորական հոսպիտալի նախկին շենքն օտարվել է 2020 թվականին, և գույքի գնահատված արժեքը, 2020 թվականի հուլիսի 8-ի դրությամբ, կազմում է 7 մլրդ 716 մլն ՀՀ դրամ, գրեթե 19 մլն ԱՄՆ դոլար։
Համաձայն 2020 թվականի կառավարության որոշման՝ գնորդը պարտավորվելու է պահպանել արժեք ներկայացվող կառույցների ճարտարապետական տեսքը` դրանք միայն վերանորոգելով ու հարդարելով։
Փոխարենը հնարավորություն է ունենալու հոսպիտալի ներկայիս գլխավոր մասնաշենքի աջ և ձախ հատվածամասերում մինչև 12 հարկանի շինություններ կառուցելու, սակայն այժմ նախագիծը ենթադրում է 35 հարկանի 5 երկնաքեր։ Արդյոք սա նորմերի խախտում չէ, հարցական է։
Հիշեցնենք նաև, որ խորհրդային տարիներին Հայաստանում եղել է 2 զինվորական հոսպիտալ` Երևանի և Գյումրու կայազորային հոսպիտալները:
Արցախյան պատերազմի տարիներին, սակայն, ՀՀ իշխանությունն Օրբելի փողոցի վրա գտնվող երևանյան հոսպիտալի պայմաններն անբավարար համարեց զինվորականներին անհրաժեշտ բուժօգնություն ցույց տալու համար։ Փոխարենը որոշվեց կենտրոնական նոր հոսպիտալ ստեղծել` նախկին երկաթգծի հիվանդանոցի բազայի վրա: Իսկ Օրբելու հոսպիտալը հանձնվեց Հայաստանում տեղակայված ռուսական ռազմական ուժերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Միքայելյան