Օրերս լույս տեսավ Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը և անմիջապես հայտնվեց ընթերցողների ուշադրության կենտրոնում: Նման հետաքրքրությունն առաջին հերթին պայմանավորված է գրքի բովանդակությամբ, ուր ներկայացվում են մեր ժամանակների խնդիրներն ու մտահոգությունները, հանրային ընկալումների հակասությունները, դժվարին իրավիճակներում ելքեր որոնելու ջանքերը: Դրանք ոչ միշտ են տալիս ցանկալի արդյունքը, քանի որ ավելի հաճախ էականը ստորադասվում է անկարևորին, անհատի ու երկրի շահերի մերձեցումը չի կայանում: Եվ այս լարված իրադարձություններին համընթաց հեղինակն իր գրքում դիտարկում է բարդ երևույթների խորքային խմորումներն ու դրանք հրահրող պատճառները:
«Այս վեպը մեզնից յուրաքանչյուրի մասին է»,- ասում է Չարխչյանը:
«Ամեն ոք կարող է գրքում գտնել իրեն՝ ընդհանրությունների ու տարբերությունների խաչման կետերում, կարող է վիճաբանել ու հաշտվել, ընդդիմանալ ու համակերպվել, բայց չի կարող խուսանավել այն պատասխանատվությունից, որ ինքը կրում է երկրի ճակատագրի համար, քանի որ չի գտնելու այնպիսի մի հարթություն, որտեղ երկիրն ու քաղաքացին տարանջատվում են»:
«Երկիր անավարտ» վեպի հերոսներն անկեղծ են իրենց մղումներում ու համոզմունքների մեջ, սակայն անկեղծությունը վրիպումների ու սխալների արդարացումը չէ: Եվ պարտության ու նահանջի ժամին նրանք հարկադրված են վերանայելու և վերարժևորելու իրենց անցած ճանապարհը՝ փնտրելով անավարտն ավարտին հասցնելու գլխավոր խորհուրդը, փակ դռները բացող բանալին և հարաբերվելով ճշմարտության ճնշող, սակայն ապաքինող ծանրության հետ: