Ինչպես քծնողները զայրացրին Վազգենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 15 տարի է՝ Վազգեն Սարգսյանի մասին գովասանքի խոսքեր ասողներին, նրան մեծարելու փարձեր անողներին սաստող չկա, քանի որ չկա ինքը՝ բարձրագոչ գովեստներից խուսափողը, իրեն ազգի ծառա համարող հայը: Բայց այս հանգամանքն ավելի է սրում նրան ճանաչողների շրջանում Վազգեն մարդու մասին պատմելու ցանկությունը: Ու թեեւ տարիներ շարունակ նա մեզ հետ չէ, փոխարենը մեզ ուղեկից են պետական, ռազմական գործչի, նախարարի, վարչապետի, արձակագրի, սիրելի ընկերոջ մասին հուշերը, նրա կյանքի ամենատարբեր պատմությունները:

1998-99-ին ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ, սպարապետի վաղեմի ընկեր Հովիկ Չարխչյանը այն մարդկանցից է, ով մոտիկից է շփվել Վազգենի հետ եւ տեղյակ է նրա կյանքի մի շարք բացառիկ դրվագներից: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Սպարապետի կյանքից քչերին հայտնի մի միջադեպ, որը լավագույնս բնութագրում է Վազգենի տեսակը:

Նրա խոսքով՝ Վազգեն Սարգսյանն իր Պաշտպանության նախարար եղած տարիներին, աշխատասենյակում փակցրած ուներ Գրիգոր Խանջյանի «Վարդանանք» գոբելենի կրկնօրինակը: Վազգենը ցանկանում էր, որ այդ նկարի շատ ավելի մեծ տարբերակը զարդարեր նախարարության շենքի դիմացի հատվածը: Նա նկարիչներին պատվիրել էր մեծացնել կտավը եւ որոշակի ժամկետ էր նշանակել՝ աշխատանքներն ավարտելու համար: Երբ Վազգենն իմացել էր, որ այն արդեն պատրաստ է, նախարարության մի խումբ աշխատակիցների հետ գնացել էր կտավը տեսնելու: Նկարի տեսքն, իսկապես, շքեղ էր եղել, եւ երբ մարդիկ հիացական հայացքներով դիտել էին այն, հանկարծ նկատել էին, որ Վազգենի՝ առաջին վայրկյանին պայծառացած դեմքը միանգամից սառել է. նա հաշված վայրկյանների ընթացքում սարսափելի զայրացել էր, եւ, ինչպես սովորաբար նման պահերին բնորոշ էր իրեն, հայհոյանքներ էր հնչեցրել աշխատանքները նախաձեռնողների հասցեին:

Պարզվել էր՝ այդ մարդիկ որոշել էին դուր գալ Վազգենին առավել, քան դրա անհրաժեշտությունը կար, եւ Խանջյանի կտավի վրա ավելացրել էին նաեւ Վազգեն Սարգսյանի գլուխը՝ դասելով նրան կտավում պատկերված նշանավորների շարքը: Նախարարի հրամանով՝ նկարն անմիջապես իջեցրել էին: Նա պահանջել էր ընդամենը մեկ օրվա ընթացքում շտկել միջամտությունը: Հաջորդ օրն, արդեն, նկարը կախված էր իր տեղում այնպիսին, ինչպիսին այն պատկերել էր Խանջյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս