Ինչպես երեկ, այնպես էլ այսօր, ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներ պատրաստվում են գիշերն անցկացնել իրենց պոլիէթիլենային ջերմատներում: Բնակիչները ողջ գիշեր տարբեր միջոցներով փորձում են տաքացնել ջերմատները՝ փրկելու համար սմբուկի, լոլիկի և վարունգի սածիլները: Մարդիկ իրենց սեփական տներից հանելով փայտի համար նախատեսված վառարանները այն տեղադրել են ջերմատներում, որպեսզի կարողանան գոնե ինչ որ չափով փրկել իրենց միակ եկամուտը:
Նշենք, որ առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտավայրում` օդում -5C – -6C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:
Տեղեկացնենք, որ երեկ տեղացած ցրտահարության պատճառով վնասվել է նաև Արմավիրի մարզի մի շարք համայնքների պտղատու մրգերի և խաղողի այգիները: Թե արմավիրցիներն այս տարի ինչ չափի վնաս են կրելու, դեռ ճշգրտված չէ: Բայց ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ իրենց կողմից ստեղծված մասնագիտական խմբերն ուսումնասիրում են և առաջիկայում կներկայացնեն պաշտոնական տեղեկատվություն վնասի նախնական չափերի մասին: Մանավանդ, որ առաջիկա երկու գիշերների ընթացքում ցրտահարության վտանգը դեռևս պահպանվում է:
Միաժամանակ նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները` հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
Թեև այս անգամ գյուղնախարարությունն ավելի վաղ է սկսել հաղորդագրություններ տարածել, այնուամենայնիվ, երեկ պտղատու այգիների 80-ից 100 տոկոսը մարդիկ չեն կարողացել փրկել: Քանի որ բացի ցրտահարությունից ողջ հանրապետության մի շարք տարածքներում առատ տեղումներ եղան և ձյան և անձրևի և կարկուտի տեսքով: Նշենք, որ տեղացած ձյան պատճառով ջերմատները կարող են փլվել, ինչի համար էլ մարդիկ ստիպված նախ փորձում են հալեցնել ձյունը, ապա տաքացնել ջերմատունը: