ԽԼՈՒՄ ԵՆ ՎԵՐՋԻՆ ԿՏՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն երկար տարիներ է` Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը պայքարում է կռվախնձոր դարձած   գրասենյակի պահպանման համար, որը խլելու համար իշխանությունները դիմել են հնարավոր բոլոր միջոցներին:
Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ  իշխանությունների կողմից իրենց կենտրոնական գրասենյակի խլման գործընթացը սկսվել է դեռեւս 2001 թվականից: Գրասենյակը գտնվում է Վաղարշ Վաղարշյան 12 հասցեում. «Մենք կապիտալ շինարարության համար 1997-2000թթ. 25 միլիոն դրամ էինք ներդրել, երբ ինձ  մարտի 1-ի դեպքերից հետո ձերբակալել  էին, այդ ընթացքում պետական գույքի վարչությունը մտավ դատարան եւ դատարանի վճռով մեզանից որոշ հատված վերցրեց` թողնելով ընդամենը 75 քմ տարածք: Հիմա էլ ուզում են խլել գրասենյակի այս վերջին կտորը»:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը դեռեւս 2006 թվականին դիմել է պետական գույքի կառավարման վարչություն` պետական սեփականություն հանդիսացող գրասենյակի տարածքը սեփականաշնորհելու միջնորդությամբ եւ մերժում է ստացել: Կուսակցությունը եւ նրա ղեկավար Պետրոս Մակեյանը քոչարյանասերժական իշխանության ամենաակտիվ ընդդիմադիրներից են հիմնադրման օրվանից:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Մակեյանը նշեց. «1996 թվականից մենք այդ տարածքը վարձակալել էինք, 99 տարվա պայմանագիր ունեինք: 2010 թվականին կուսակցությունը դիմեց դատարան, որ` պարտադրե՛ք ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` ի կատար ածել այն վճիռը, որով իրենք առգրավել են մեր տարածքը, այսինքն` թողնեն մեր 75 քմ-ն, եւ մեր հայցադիմումը բավարարվեց»:
Կուսակցությունը դիմել է հարկադիր կատարողներին, որպեսզի իրենց պատկանող այդ հատվածը տարանջատեն. «Այս տարվա սեպտեմբերի 22-ին հարկադիր կատարողները տարբեր պատճառաբանությամբ չկատարեցին այդ վճիռը, քանի որ  իշխանությունների կողմից արդեն հրահանգը կար: Փաստորեն, այդպես էլ վճիռը չկատարվեց, մենք բողոքարկել ենք վերաքննիչ դատարան, հիմա նոր հայցադիմումով կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը մտել է դատարան, որ մեզ այս տարածքից էլ վտարեն, նոյեմբերի 2-ին առաջին ատյանն արդեն վճիռ է կայացրել»:
Պարոն Մակեյանը նշեց, որ իրենք բողոքարկելու են վերը նշված վճիռը եւ շուտով հանդես են գալու հրապարակային միջոցառումներով. «Բողոքի ակցիաներ ենք անելու, քաղխորհրդի նիստ ենք անելու եւ ամեն ինչ այդ ժամանակ կորոշենք, դեռեւս վերաքննիչը պետք է վճիռը հաստատի, նոր կարող են մեզ արտաքսել եւ մեզ արդեն վերջնական մեր տարածքից կհանեն»:
Ըստ կուսակցության նախագահի` իշխանությունները չեն կարող հանդուրժել, որ լինի մի կուսակցություն, որը 14 տարի դիմանում է իրենց «բեսպրեդելին» եւ շարունակում անկոտրում կանգնել ոտքի վրա:
Հիշեցնենք, որ իշխանությունների եւ Մակեյանի միջեւ դեռեւս 2001 թվականից լուրջ պայքար է ընթանում: Նույն թվականին Մակեյանի նկատմամբ մահափորձ տեղի ունեցավ. նրա հայրենի Փանիկ գյուղում անհայտ անձը կրակել էր տանը` պատուհանի առաջ աշխատող Մակեյանի ուղղությամբ: Հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ:
Ինչպես նաեւ 2001 թվականին հարձակվել էին Պետրոս Մակեյանի` Երեւանի Զեյթուն թաղամասում գտնվող բնակարանի վրա եւ բռնությունների գործադրմամբ ձերբակալել նրան` «ապօրինի հանրահավաք» անցկացնելու մեղադրանքով: Արդյունքում Մակեյանը 10-օրյա վարչական կալանքի ենթարկվեց:
Իսկ 2008 թվականի փետրվարի 24-ին Մակեյանը ձերբակալվեց Ազատության հրապարակի մերձակայքում եւ մեկուկես տարի անցկացրեց բանտում:
2010 թվականին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում ընտրակեղծիքները կանխելիս Մակեյանը կրկին ենթարկվեց իշխանական հարձակմանը: Եւ կրկին` հանցագործությունը մինչ օրս բացահայտված չէ: Իսկ Մակեյանը շարունակում է նույնքան եւ մի բան էլ ավելի ընդդիմադիր լինել, ինչպես եղել է երկար տարիներ: Դա է պատճառը, որ կառավարությունը կուսակցությանը զրկում է գրասենյակից:
Վերջում Պետրոս Մակեյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ իրենք չեն դադարելու պայքարել, շուտով արդեն հրապարակային քայլեր կձեռնարկեն, կանեն ամեն ինչ իրենց կուսակցության գրասենյակը պահելու համար:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս