Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նախաձեռնությունը Արփի Դավոյանինն է` Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավորներն արդեն երեք օր է ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:

Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը Փաշինյանի «սեղանին է դնելու»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի դեմ այս ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ:

Վերջինս ՔՊ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ դժգոհել է Գրիգոր Մինասյանից եւ նրա պաշտոնանկության հարցն է բարձրացրել:

Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է՝ եթե բավարար չափով ստորագրություններ լինեն, ապա պատրաստ է քննարկել հարցը:

Փաշինյանի նախնական «այո»-ն ստանալուց հետո՝ Արփի Դավոյանը լծվել է իր «պարտականության կատարմանը» եւ ստորագրահավաք նախաձեռնել:

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը վաղուց է ՔՊ-ի օրակարգում եղել, խմբակցության ֆորմատով դժգոհությունները մի քանի անգամ քննարկվել ու մարել են, իսկ հիմնական պատճառն էլ նախարարի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնն է եղել:

Մեզ փոխանցում են նաեւ, որ թեեւ Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցը այս օրերին ՔՊ-ի հիմնական օրակարգն է, բայց դեռ նրան փոխարինող անգամ չունեն:

Բացի այդ, Գրիգոր Մինասյանին հրամանով պաշտոնանկ անելուց հետո, ավելի բարդ փորձություն է սպասվում ՔՊ-ականներին, քանի որ պետք է նաեւ Մինասյանի «քաղաքական ընկերոջը»՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հեռացնեն պաշտոնից, ինչը առավել դժվար է իրավական առումով, քանի որ այն անկախ սահմանադրական մարմին է, եւ ուղղակի հրամանով ազատել չեն կարող: Ուստի, հետաքրքիրն առջեւում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս