Երբ Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց իր հայտարարագիրը, ընդդիմությունը միաբերան պնդում էր՝ որտեղի՞ց նրանց այդքան գումար, և, ընդհանրապես, այդքան շատ ունեցվածք:
Իսկ երբ ՀՀ վերահսկիչ պալատը նախորդ տարի հրապարակեց իր տարեկան հաշվետվությունը, որտեղ կային նաև Երևանի քաղաքապետարանում անցկացված ստուգումների արդյունքները, տրվեցին շատ հարցերի պատասխաններ. ավելի առարկայական երևացին քաղաքապետարանում բյուջեի միջոցների «ատկատ»-ի մեխանիզմները:
Այդտեղից՝ տրամաբանական եզրակացություն. քաղաքապետը կարող է հարստանալ ու մեծ ունեցվածք կուտակել «ատկատ»-ի շնորհիվ, ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին:
Ավագանու վերջին նիստում 2013թ. Երևանի համայնքային բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց՝ հայտնի մեթոդները շարունակվել են կիրառվել նույն ջանասիրությամբ:
2012թ. համեմատ, Երևանի քաղաքապետարանը 11.2 տոկոսով ավելացրել է իր եկամուտները, և 5.2 տոկոսով՝ ծախսերը:
Իսկ ինչպե՞ս է ծախսել քաղաքապետարանը համայնքային բյուջեի միջոցները:
Ըստ Երևանի 2013թ. համայնքայնին բյուջեի կատարողականի՝ գործուղումների համար նախատեսված է եղել ծախսել 61.5 մլն, սակայն ծախսվել է 56.1 մլն դրամ:
Շատերը կհիշեն, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինչպես էր եռամսյակը մեկ պարբերականությամբ այցելում Ռիգա կամ հյուրընկալում այնտեղի քաղաքապետին:
Այդ այցերն իրենց արժանապատիվ տեղն են գրավել բյուջեի հաշվետվության մեջ:
Ավելին, ըստ փաստաթղթի՝ այդ գումարի շրջանակներում թվով 24 պատվիրակություն գործուղման է մեկնել 21 քաղաք: Համեմատության համար նշենք, որ քաղաքապետարանը 2013-ին, նախորդ տարվա համեմատ, ավելի շատ գումար է ծախսել գործուղումների վրա. 2012թ. այդ թիվը մոտ 46.5մլն էր, հիմա՝ 10մլն-ով ավելի:
Քաղաքապետարանը 219 մլն դրամ էլ ծախսել է թափառող կենդանիների վնասազերծման համար. ինչպես հայտնի է, այս ծառայությունն իրականացնում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Սադոյանին պատկանող «Յունիգրաֆ X» ընկերությունը:
Համեմատության համար նշենք, որ 2012թ. այդ նպատակով նախատեսված էր գրեթե նույքան գումար, բայց ծախսվել էր ավելի քիչ:
83.5 մլն դրամ քաղաքապետարանը ծախսել է դրոշների տեղադրման նպատակով՝ նախատեսված 84 մլն-ի փոխարեն: Ըստ փաստաթղթերի՝ 15-օրյա պարբերականությամբ փոխվել է 16.2 հազար դրոշ: Նշենք, որ 2012թ. այդ նպատակով ծախսվել էր 85.6 մլն դրամ:
Ընդ որում, հատկապես այս ծախսը անհնար է վերահսկել ու պարզել՝ իրոք քաղաքապետարանը տարեկան 16 հազարից ավելի դրոշ է փոխել, թե ավելի քիչ: Չկան համապատասխան մեխանիզմներ, իսկ դա նշանակում է՝ սա գումար գրպանելու լավ տեղ է:
Պարզվում է ՝ նախորդ տարի քաղաքապետարանը նույնիսկ հեծանվային հրապարակ է շահագործման հանձնել, և այդ նպատակով՝ 54.3 մլն դրամ ծախսել: Այդ գումարից 47.1 մլն դրամն ուղղվել է պահպանման ծախսերին, 7.2 մլն-ով էլ ձեռք է բերվել 60 հատ հեծանիվ:
Իսկ 368 մլն դրամից ավելի գումար էլ քաղաքապետարանը ծախսել է քաղաքում հանգստի գոտիների պահպանման ու վերականգնման նպատակով: Ամենաշատը գումար պահանջվել է «Սիրահարների այգու» նորոգման համար՝ 299 մլն դրամ, իսկ 40 մլն էլ՝ Դավթաշեն 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող այգու համար:
27.7 մլրդ դրամ քաղաքապետարանը ծախսել է հասարակական կազմակերպությունների աջակցության նպատակով:
Պակաս ուշագրավ չէ նաև կամարանցումների վերանորոգման ու գունազարդման համար ծախսված գումարի չափը. 109 մլն դրամ, սիզամարգերի ստեղծման ու ծաղկապատման համար ծախսը՝ 374 մլն դրամ, փողոցների և այգիների կահավորման համար՝ 219 մլն դրամ:
Ի դեպ, ժամանակին ընդդիմությունը քաղաքապետարանին մեղադրեց ծաղիկները կամ նստարանները շուկայականից ավելի թանկ գնով ձեռք բերելու մեջ:
Իսկ քաղաքապետարանի կողմից իրականացված ամենակարևոր ծախսը, թերևս, Տարոն Մարգարյանի սեփական PR-ի կազմակերպումն է. քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանումը երևանցիների գրպանի վրա արժեցել է 35.7 մլն դրամ:
Եվս մի քանի կարևոր փաստ: Համեմատության համար նշենք, որ վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 83.5 մլն դրամ:
Հատկանշական է, որ նման նպատակներով քաղաքապետարանը ծախսել է պլանավորածի գրեթե ողջ չափով՝ մոտ 95 տոկոս: Այնինչ, բազմաբնակարան շենքերի հարթ տանիքների վերանորոգման համար ծախսվել է պլանավորվածի 89 տոկոսը՝ 276մլն դրամ, իսկ բազմաբնակարան շենքերի բարեկարգման նպատակով՝ պլանավորվածի 80.7 տոկոսը՝ 390մլն դրամ:
Թե այս ծախսերի քանի տոկոսն է նպատակային ծառայել, դա արդեն խոսակցության այլ թեմա է, և դա պետք է բացահայտեն համապատասխան ստուգող մարմինները: Հաշվի առնելով նախորդ փորձը, դժվար չէ ենթադրել, որ այս անգամ ևս ուշագրավ բացահայտումներ կարող են լինել:
Իսկապես, ավելի լավ»ատկատ»-ի Երևան:
Արման Գալոյան