Տնտեսագետ Վարդան Բոստանջյանից այսօր armlur.am լրատվականը հետաքրքրվեց ` ինչն է պատճառը, որ Հայաստանի բանկերը բարձր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում:
Բոստանջյանի խոսքով ` առևտրային բանկերը մասնավոր կազմակերպություններ են և հաշվի առնելով իրենց կարծիքով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ռիսկերը, վարում են իրենց քաղաքականությունը: Եթե տոկոսադրույքները բարձրանում են, ուրեմն ռիսկայնությունն ավելի մեծ է:
-Հնարավոր է դա պայմանավորված լինի արտաքին գործոններով ` մասնավորապես Ռուսաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններով:
-ՌԴ-ի դեմ կիրառվելիք պատժամիջոցները, ներդրումների ծավալը մեր տնտեսվարող սուբյեկտների համար դարձնում է ռիսկային, որով պայմանավորված վարկային կազմակերպությունները կարող են բարձրացնել տոկոսադրույքները:
-Ռուսական բազմաթիվ բանկեր հայտարարեցին սնանկացման մասին: Սնանկացում սպառնո՞ւմ է հայկական բանկերին, թե ոչ:
-Չեմ կարող շատ հստակ պատասխանել, բայց բոլոր դեպքերում բանկային համակարգն ու առևտրային կազմակերպությունները աշխատել են այնպես, որ սնանկացման առաջ չկանգնեն: Կարծում եմ` նման հավանականությունը ՀՀ-ի համար փոքր է, բայց ամեն ինչ հնարավոր է:
-2013-ին տարեվերջին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ամփոփիչ զեկույցը ներկայացնելիս հայտարարեց, որ տոկոսադրույքները նվազել են, ավանդների և վարկերի միջակայքը մոտեցել է, սակայն երեք ամիս հետո հակառակ գործընթացն է տեղի ունենում ` ավանդների տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ, իսկ վարկերի տոկոսները բարձրացել են:
-Փող տվող կազմակերպությունները ռիսկայնության մեծ խնդիր ունեն կամ էլ ռեսուրսի պակաս ունեն: Կամ էլ երկուսը միասին:
Դավիթ Վանեսյան