«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տարբեր թեկնածուներ քննարկելուց հետո երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Սրբուհի Գալյանին առաջադրեց Արդարադատության նախարարի պաշտոնում։
ՔՊ վարչության նիստում քննարկվել են նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունները։
Գագիկ Ջհանգիրյանը ոլորտի հնաբնակներից է, նա տարբեր տարիների բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։
Իսկ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացել է սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, որը 2022թ–ին իր ասուլիսում հրապարակել էր Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այդ ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ։
Փաստացի, չնայած նման փորձառու թեկնածուներին՝ Նիկոլ Փաշինյանի ֆավորիտը եղել է Սրբուհի Գալյանը, որն էլ վարչության որոշմամբ արդարադատության նախարարի թեկնածու առաջադրվեց:
ArmLur.am-ն այսօր կապ հաստատեց ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հետ, պարզելու, թե արդյո՞ք ինքը վատ չի զգացել, որ ՔՊ-ն իրեն մերժել է․
«Դա քաղաքական քվեարկություն է, ես վատ չեմ զգացել, որ ինձ չեն ընտրել, այսքան բան»,- եզրափակեց Ջհանգիրյանը և անջատեց հեռախոսը։
Քրիստինա Մուշեղյան