«Նաիրիտ գործարան» ՓԲԸ -ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի բաց նամակը
Բաց նամակ ՀՅԴ կողմից 25.03.14թ.կազմակերպած «Նաիրիտ գործարան»-ի վերաթողարկման վերաբերյալ բաց լսումների քննարկման ժամանակ իմ կողմից հնչեցված պնդումների և իմգործունեությամբ հասարակությաննապակողմնորոշելու` էժանագին շոուկազմակերպելու վերաբերյալ «Նաիրիտ գործարան»-ի ղեկավարության բերած պատասխանին:
Շատ ցավալի է, որ նախօրոք տեղեկացված և հրավիրված լինելով գործարանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող հարցի քննարկմանը` գործարանի այսօրվա «ղեկավարությունը» խուսափեց մասնակցելուց ու իր փոխարեն ուղարկեց «դեսանտ»` նրանց զինելով դատարկ փամփուշտներով: Գոնե ուղարկեիք այնպիսի մասնագետի, ով կկարողանար ներկայացնել ձեր տրամադրած թվերը: Ասեմ, որ արհմիության նախագահին դրեցիք շատ անհարմար դրության մեջ: Նա մինչև հիմա իր հիմնական պարտականությունները կատարելու փոխարեն ձեզ է օգնում բոլոր հարցերում, և մասնակիցների մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ դուք չեք ուզում գործարանը աշխատի: Եթե ներկայացվում են տվյալներ և արվում է արտահայտություն` «ո՞ր մի հիմարը վնասով աշխատող ընկերության վրա գումար կծախսի բառերը», մարդ ուրիշ ի՞նչ մտածի:
Ձեր ներկայացրած տվյալները ապրանքի իրացման վերաբերյալ (եթե, իհարկե, դուք չեք որոշել առաջվա պես աշխատել միջնորդ ընկերության միջոցով) չեն համապատասխանում այսօրվա շուկայականին: Բացի այդ, եթե դուք ներկայացնում եք այսօրվա ինքնարժեքը որպես հիմնավորում, մի մոռացեք, որ այսօրվա ինքնարժեքի մեջ ներառված են նաև ձեր և ձեր նմանների ահռելի մեծ աշխատավարձերը, ինչպես նաև` իրականությանը չհամապատասխանող ամորտիզացիոն հատկացումները, որոնք առաջացան Միջպետական բանկից լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավելու ժամանակ` որպես գրավի առարկա ձևակերպելու նպատակով գործարանի սարքավորումները իրենց իրական արժեքից մի քանի անգամ ավել գնահատելու շնորհիվ: 2006թ. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 20 մլրդ դրամ էր, իսկ երբ 2009թ. «Նաիրիտ գործարանը» Միջպետական բանկից 105 մլն դոլարի նոր վարկ ստացավ, այն կազմում էր նվազագույնը 60 մլրդ դրամ: Եւ քանի որ գործարանում ոչ մի ներդրումային ծրագիր չի իրականացվել, գործարանի կանոնադրական կապիտալն ավելացել է վերագնահատման շնորհիվ: Այստեղից հետևություն անելը թողնում եմ ձեզ:
Այնպես որ, իրական ինքնարժեքն այսօր ձեր ներկայացրածից բավական ցածր է: Հիմա անդրադառնամ իմ ղեկավարած տարիներին գործարանի օգուտով կամ վնասով աշխատալուն: Մինչ որևէ հարցի վերաբերյալ կարծիք կազմելը կամ մեկնաբանություն անելը խուհուրդ կտամ պարզել իսկությունը, որպեսզի վատ դրության մեջ չընկնեք: Քննարկումների ժամանակ, երբ ինձ հարց տվեցին, թե իմ աշխատած ժամանակ գործարանը օգուտո՞վ, թե՞ վնասով է աշխատել, ես պատասխանեցի, որ 2006թ. մայիս ամսին, չնայած այն հանգամանքին, որ մենք իրացումը կատարում էինք միջնորդ ընկերության միջոցով շուկայականից 20 տոկոս ցածր գնով (10 տոկոս էլ տալիս էինք միջնորդ ընկերությանը), աշխատել ենք շահույթով: Խոսքը եղել է միայն մայիս ամսվա մասին, իսկ որ գործարանը հիմնականում աշխատել է վնասով, ես էլ, դուք էլ դրա պատճառները լավ գիտենք:
Գործարանում ձեր կազմակերպած խորհրդակցության ժամանակ ասել եք, որ ես իրավունք չունեմ խոսել«Rhinoville Property Limited»-ի հետ կապված հարցերի մասին, քանի որ այդ գործարքի հետ կապված պայմանագիրը ես եմ ստորագրել: Ձեզ հասած այս տեղեկությունը խեղաթյուրված է, քանի որ ես ինքս եմ քննարկման ժամանակ հայտնել, որ գործարքը կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակ, որ այն գործարանին պայծառ ապագա էր խոստանում: Եվ եթե նոր բաժնետերը կատարեր իր պարտականությունները, կամ էլ ՀՀ կառավարությունը ժամանակին «Rhinoville Property Limited»-ի ձեռքից բաժնետոմսերը հետ վերցներ պայմանագրային պարտականությունները չկատարելու համար, մենք չէինք ունենա այսօրվա ծայրահեղ վիճակը:
Երկու խոսք` գործարանի այսօրվա տնօրենին:
Ի տարբերություն ձեզ, ես կարիք չունեմ հասարակությանը ապակողմնորոշելու և էժանագին շոու կազմակերպելու: Գործարանի աշխատողներն ինձ շատ լավ են ճանաչում, ձեզ էլ են լավ ճանաչում ու գիտեն` ով ինչի է ընդունակ: Իմիջիայլոց, ձեր փորձերը` ինձ վարկաբեկելու, օգուտ չեն տալիս, կարող եք իզուր ջանքեր չգործադրել: Ցավոք, այսօր այնպես է ստացվում, որ ես ավելի շատ եմ մտածում գործարանը փրկելու մասին, չնայած աշխատել եմ ընդամենը երկու տարի, քան դուք և ձեր նման մի շարք ղեկավարներ, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունը սկսել են «Նաիրիտում» և այսօր էլ իրենց ապագան կապում են «Նաիրիտի» հետ: Այդ կարճ ժամանակահատվածում ես հասցրեցի հարգանք վայելել գործարանի թե́ բանվորների և թե́ ինժեներական կազմի մոտ:
Ինձ ցավ է պատճառում նաև այն, որ «Նաիրիտ գործարան»-ի այսօրվա ղեկավարությունը մոռանում է այն ցուրտ ու դաժան տարիները, երբ գործարանի ինժեներական կազմը, բանվորության հետ միասին, պայքարեց գործարանը փրկելու համար, մեկ մարդու պես իրար կողքի կանգնեցին, կարողացան արտադրանք թողարկել: Իսկ այսօր նրանց լուռ համաձայնությամբ մարդիկ, ովքեր եկել են գործարանը կործանելու, հասնում են իրենց նպատակին:
Ձեր պատասխանում դուք նշել եք, որ ունեք գործարանը գործարկելու մի քանի սցենարներ: Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում ձեզ մասնակցել ՀՅԴ-ի կազմակերպած` ձեզ համար այդքան կարևոր հարցի քննարկմանը: Չէ՞ որ այդ քննարկմանը հրավիրված էին նաև բավական հարգարժան և գիտության բնագավառում հայտնի մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել փրկելու «Նաիրիտը»:
Ուզում եմ խոսքս վերջացնել` վստահ լինելով, որ դուք ժամանակ կգտնեք և կմասնակցեք մեր հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող` ձեր կողմից ղեկավարվող գործարանի վերագործարկմանը նվիրված հետագա քննարկումներին:
Հարգանքներով` Կարեն Իսրաելյան
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին տնօրեն
Նամակը արտա