
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալ Մ․Հ․-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը։
Զննությամբ ծառայողները սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։
Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։