Անձնագրային բաժանմունքներում անվերջ հերթեր են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ անձնագրային բազմաթիվ  բաժանմունքներում քաոսային վիճակ է: Բանն այն է, որ մարդիկ օրերով ու շաբաթներով հերթագրվում են ու սպասում իրենց նոր՝  կենսաչափական անձնագրերին և նույնականացման քարտերին: ՝

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի անձնագրային բաժանմունքում նման իրավիճակ արձանագրեց  նաև «Ժողովուրդ»-ը:

Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից քաղաքացին կարող է իր` ժամկետը լրացած անձնագիրը փոխարինել 2 փաստաթղթով ՝ նույնականացման քարտով և կենսաչափական անձնագրով:

Նույնականացման քարտն ինքնությունը հաստատող փաստաղթուղթ է, օգտագործվում է միայն Հայաստանի տարածքում: Իսկ կենսաչափական անձնագրի պետական տուրքը 25 հազար դրամ է, և այն հեշտացնում է դեսպանատներում մուտքի արտոնագրեր ստանալը, սահմանային կետեր անցնելը: Փաստաթղթերը տրամադրվում են 15 աշխատանքային օրվա ընթացքում և 10 տարի ժամկետով:

Վարդենիսի անձնագրային բաժանմունքում սպասող քաղաքացիները, որոնց մեծ մասը ծերեր էին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անկեղծացան ՝ նշելով, որ ժամկետանց անձնագրի պատճառով չեն կարողանում թոշակ ստանալ և իրենց մյուս կարևոր հարցերը կարգավորել:

Նրանցից մի քանիսը ժամկետանց անձնագրով նույնիսկ ամիսներ, տարիներ շարունակ թոշակ են ստացել: Ի դեպ, քաղաքացիներ կան, ովքեր հաշմանդամ են ու տանից դուրս չեն կարող գալ, ինչի պատճառով  էլ չեն կարողանում գնալ անձնագրային բաժանմունք և լուսանկարվել:

Անելանելի վիճակում հայտնված քաղաքացիները ստիպված անձնագրային բաժանմունքից պահանջում են 9-րդ ձև կոչվող փաստաթուղթը, որով կկարողանան և թոշակ ստանալ, ևիրենց մյուս հարցերը կարգավորել:

Արդյունքում  գոյացել են մեծ հերթեր և մարդիկ իրենց գործերը մի կողմ թողած`  օրերով սպասում են, թե երբ են ստանալու իրենց նույնականացման քարտը կամ անձնագիրը:

Վարդենիսի բաժանմունքում «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց նաև, որ բավարար նստարաններ չկային, իսկ ծերերը հիմնականում կանգնած էին  սպասում:

Քաղաքացիներից մեկը՝ Հակոբը,  «Ժողովուրդ»-ին զայրացած պատմեց, որ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու իր ավիատոմսը վաղուց գնված է: Նա անձնագրի ժամկետը երկարացնելու  համար դեռևս փետրվարի 14-ին է դիմել, բայց  մինչև հիմա այն չի ստացել:

«Տասը անգամ եկել- գնացել եմ: Փետրվարի 14-ին դիմել եմ և մինչև հիմա չկա: Ասում են ՝ թող գնա, պասպորտ չկա: Իսկ իմ ընտանիքը ՌԴ-ում է: Եկել եմ երկարացնեմ ու գնամ: Հիմա չգիտեմ, թե ինչ անեմ»,- վրդովվեց քաղաքացին:

«Ժողովուրդ»-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության մամլո խոսնակ Արամայիս Շահբեկյանից հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվել, որ քաղաքացին ամիսներ շարունակ ժամկետանց անձնագրով թոշակ է ստացել:

«2011-ից հետո համակարգում մեծ փոփոխություններ են արվել, բայց մեր թոշակառուները 500 հազարից ավելի են: Չի բացառվում, որ այս ընթացքում մեկ կամ երկու նման դեպք լինի:

Սա համակարգային խնդիր չէ: Եվ բացառվում է, որ մի տարածաշրջանում այս խնդրի հետ կապված բազմաթիվ ահազանգեր լինեն»,- վստահեցրեց Շահբեկյանը:

Նրա խոսքով ՝ երբ քաղաքացին  ժամկետը լրացած անձնագրով մոտենում է, բայց ունի սոցիալական քարտ, որի թիվը համապատասխանում է թոշակների համար տրամադրված ցուցակում գրված թվին, ապա նա կարող է թոշակ ստանալ:

«Կան քաղաքացիներ, ովքեր ունեն «ծակած»անձնագիր, դրանով չեն կարող թոշակ ստանալ, բայց այս դեպքում քաղաքացին կարող է անձնագրային բաժանմունքից ներկայացնել 9-րդ ձև կոչվող թուղթը: Սա է պատճառը, որ անձնագրային բաժանմունքներում նման հերթեր են գոյանում: Եվ այս գործընթացը դեռ որոշակի ժամանակահատված կշարունակվի,  մինչև քաղաքացիները նույնականացման քարտեր ձեռք կբերեն և տեղեկատվական բազայի մեջ կփոխվեն տվյալները»,- լրացրեց մեր զրուցակիցը:

Իսկ «Հայփոստ»ՓԲԸ-ի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց. «Եթե քաղաքացին ժամկետանց անձնագրով է մոտենում, ապա բոլոր աշխատակիցներն էլ քաղաքացիներին զգուշացնում և ուղղորդում են  երկարաձգել անձնագրի ժամկետը: Մեր աշխատակիցը պարտադիր ստուգում է, որ անձնագրի մեջ գրված անունն ու ազգանունը համապատասխանեն թոշակի ցուցակում գրվածի հետ, ինչպես նաև անձնագրի սերիան»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս