ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հյուրանոցի անվտանգության աշխատակցից մինչև ՊՊԾ պետ․ ինչ է հայտարարագրել Արթուր Գասպարյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի մարտի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ նշանակվեց Արթուր Գասպարյանը, ով նախկինում եղել է «Մետրոպոլ» ՍՊԸ-ին պատկանող Մետրոպոլ հյուրանոցի անվտանգության աշխատակից։

2005 թվականից մինչև 2023 թվականը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների պետական պահպանության ծառայությունում և զբաղեցրել սպայից մինչև գնդի հրամանատարի պաշտոնները։ 2023 թվականի մայիսի 2-ից ստանձնել է ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ապա սեպտեմբերի 9-ից պետի պարտականությունները կատարող, իսկ 2024 թվականի մարտի 4-ից ՊՊԾ պետ։

Իսկ ինչ է հայտարարագրել 2024 թվականի համար իր՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարագրում Արթուր Գասպարյանը։

Գասպարյանը հայտարարագիր ներկայացրել է որպես ՊՊԾ պետի տեղակալ։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա անշարժ գույք ՊՊԾ այժմյան պետը հայտարարագրել է 2 բնակարան, բազմաբնակարան շենքում բաժնային և միանձնյա սեփականության իրավունքով։ Հայտարարագրել է մեկ ավտոտնակ Երևանում և 2 հողամաս Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում։ 2023 թվականի ընթացքում ՊՊԾ պետը որևէ գույք չի հայտարարագրել։

Որպես տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց Արթուր Գասպարյանը հայտարարագրել է MITSUBISHI մակնիշի մեքենա 2002 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2017 թվականին։

ՊՊԾ պետի կանխիկ դրամական միջոցները 2023 թվականի հայտարարագրի համաձայն կազմել է 4,8 մլն դրամ, 6 հազար ԱՄՆ դոլար և 1 հազար 800 դոլար։ Բանկային ավանդները կազմել են 5 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 15 մլն 957 հազար դրամ, որից 11 մլն 593 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Պետական պահպանության ծառայությունից, իսկ 3 մլն դրամը ՀՀ ՊՊԾ-ից, սակայն ոչ որպես աշխատանքի վարձատրություն, այլ որպես այլ եկամուտ։

Արթուր Գասպարյանը որպես կենսաթոշակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացել է 1 մլն 352 հազար դրամ եկամուտ։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 710 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս