Ամենաայլանդակ գայլը կամ պարզապես խելահեղ ԴիԿապրիո. դերասանը դարձավ 50 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենաայլանդակ գայլը Ուոլսթրիթից կամ բոլոր ժամանակների սրտակեր Լեոնարդո ԴիԿապրիոն այսօր դարձավ 50 տարեկան։ Մեր ժամանակների սրտակերը մինչ օրս համարվում է հոլիվուդի ամենապահանջված և ամենաշատը վարձատրվող դերասաններից, չնայած նրան, որ արդեն 50 տարեկան է։

ArmLur.am-ը ներկայացնում է դերասանի կյանքից հետաքրքիր դեպքեր։

Սկսենք դերասանի անվանումից. ինչո՞ւ հենց Լեոնարդո։

Դերասանի անվանումը կապված է Վերածննդի մեծագույն նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի հետ։ Հղի ժամանակ Լեոյի մայրը այցելում է թանգարան, որտեղ Դա Վինչիի նկարների առաջ նրա սիրտը սկսում է շատ արագ խփել, իսկ ներսից փոքրիկը սկսում է շատ արագ հարվածել։ Կինն այս դեպքից հետո չի էլ կասկածում անգամ, որ որդուն Լեոնարդո է անվանելու։
Ի՞նչ իմանար ԴիԿապրիոյի մայրը, որ որդին հետագայում «գլուխգործոց» է համարվելու։

ԴիԿապրիոն աչքի է ընկնում ոչ միայն իր սքանչելի արտաքինով, այլև՝ բնապահպանության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում մեծ ներդրումներ անելով, սակայն մամուլում հաճախ են քննարկվել նրա կյանքի որոշակի հակասական կողմերը, հատկապես երբ խոսքը գնում է շքեղությամբ լի իր միջոցառումների մասին։

Մասնավորապես մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2016 թվականին ԴիԿապրիոն մասնակցեց իր ընկերոջ՝ մալայզիացի ձեռնարկատեր Ջո Լոուի կազմակերպած շքեղ միջոցառումներին: Ջո Լոուն հետագայում հայտնվեց կոռուպցիոն մի մեծ սկանդալի կենտրոնում, երբ բացահայտվեց, որ նա ֆինանսական խարդախության միջոցով մեծ գումարներ է հափշտակել Մալայզիայի պետական ֆոնդից։ Այդ միջոցներից որոշակի գումարներ, ենթադրաբար, ծախսվել էին այնպիսի շքեղ երեկույթների վրա, որոնց ներկա էին բազմաթիվ հայտնի անձինք, այդ թվում՝ ԴիԿապրիոն։

Այն ժամանակ մամուլը և հանրությունը քննադատեցին ԴիԿապրիոյին՝ նման սկանդալային միջոցառումներին մասնակցելու համար։ Հետագայում, երբ Ջո Լոուի կոռուպցիայի հետ կապված գործերը բացահայտվեցին, ԴիԿապրիոն վերադարձրեց իր կողմից ստացած որոշ նվերներ, այդ թվում՝ Մարլոն Բրանդոյի օսկարը, որը Ջո Լոուն նրան էր նվիրել, ինչպես նաև մի քանի արժեքավոր արվեստի գործեր։

2019-ին Լեոն հարցազրույց տվեց «Մեր մոլորակը» (Our Planet) բնապահպանական վավերագրական նախագծի վերաբերյալ։ Նա իր հարցազրույցներում անդրադարձավ կլիմայի փոփոխության խիստ վտանգներին՝ շեշտելով, որ մարդկությունը կանգնած է իր պատմության ամենավտանգավոր շրջադարձերից մեկի առջև։

ԴիԿապրիոն, միանալով բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին, խիստ հայտարարություններ արեց՝ քննադատելով համաշխարհային ղեկավարներին, որոնք, ըստ նրա, բավարար միջոցներ չեն ձեռնարկում կլիմայի փոփոխության դեմ։ Նա ընդգծեց, որ ներկա սերունդը պետք է վճռական քայլեր ձեռնարկի, հակառակ դեպքում մոլորակը կորցնելու իրական վտանգի առջև կկանգնի։

Այս հարցազրույցում նա անկեղծորեն խոսեց իր վախերի մասին՝ ասելով, որ եթե առաջիկա տարիներին մարդկությունը չհասնի էական փոփոխությունների, շատ էկոհամակարգեր կկործանվեն, և մենք կկորցնենք բազմաթիվ կենդանական ու բուսական տեսակներ։ ԴիԿապրիոն նաև բարձրաձայնեց այն հիասթափությունը, որը զգում է, երբ տեսնում է աշխարհում անհետևողական և անտարբեր վերաբերմունք կլիմայական խնդիրների հանդեպ։

Հարցազրույցը սենսացիոն դարձավ նաև այն պատճառով, որ ԴիԿապրիոն ուղիղ կերպով խոսեց քաղաքականության և կորպորացիաների ագահության մասին, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են կլիմայական խնդիրների լուծմանը։ Շատերը գնահատեցին ԴիԿապրիոյի անկեղծությունը և համարձակությունը՝ նման հայտարարություններ անելու համար, իսկ որոշ մարդիկ քննադատեցին նրան՝ պնդելով, որ որպես հայտնի դերասան, նա հաճախ է շքեղ կյանք վարում, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունենում էկոլոգիայի վրա։

Դիկապրիոյի սիրային կյանքը ևս հետաքրքիր և բուռն է եղել։

ԴիԿապրիոն հայտնի է իր նախընտրությամբ, այն է՝ հանդիպել երիտասարդ մոդելների հետ, ինչը հաճախ դարձել է քննարկման թեմա թե՛ երկրպագուների, թե՛ մամուլի համար:

Ամենահիշարժան հարաբերություններից մեկն, անշուշտ, եղել է նրա և մոդել Ժիզել Բյունդխենի միջև: Նրանք սկսեցին հանդիպել 2000-ականների սկզբում, և շատերը կարծում էին, որ հենց Ժիզելն է լինելու այն կինը, որը կփոխի ԴիԿապրիոյի վերաբերմունքը երկարատև հարաբերությունների հանդեպ: Սակայն նրանք բաժանվեցին 2005 թվականին, և Ժիզելը հետագայում տված իր հարցազրույցներում ակնարկել է, որ նրանց հարաբերություններում նա զգացել է ծանր հոգեբանական ճնշում, ինչը ստիպել է նրան հեռանալ։

Ավելի ուշ ԴիԿապրիոն հարաբերություններ ունեցավ իսրայելցի մոդել Բար Ռաֆայելի հետ: Նրանց սիրավեպը շարունակվեց մի քանի տարի, և կրկին այն հանրության ուշադրության կենտրոնում էր։ Սակայն 2011 թվականին նրանք ևս բաժանվեցին։ ԴիԿապրիոն հանդիպել է նաև մոդելներ Տոնի Գառնի, Նինա Ագդալի և Քամիլա Մորոնեի հետ, որոնցից վերջինի հետ նա հանդիպում էր մինչև 2022 թվականը:

ԴիԿապրիոյի հարաբերությունները հաճախ ենթարկվում են քննադատության՝ նրա կողմից ընտրված կանանց տարիքային տարբերության պատճառով, քանի որ նա հիմնականում հարաբերություններ է ունեցել իր տարիքից շատ փոքր կանանց հետ: Սակայն դերասանը երբեք չի արձագանքել այս քննադատություններին, և նրա անձնական կյանքն ու հարաբերությունները շարունակում են մնալ հանրության մշտական հետաքրքրության կենտրոնում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս