ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Գյումրու համայնքապետի ընտրություններում, որը սարերի ետևում չէ։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ Գյումրիում անիշխանություն է, համայնքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո Հայաստանի երկրորդ քաղաքը ղեկավար չունի։
ՔՊ-ն մտադիր է նոր ընտրությունների գնալ Գյումրիում, սակայն օրը դեռ հստակեցված չէ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նույնպես պատրաստվում է առաջադրվել և մասնակցել ընտրություններին, այս նպատակով նա պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր շրջանակների հետ։
Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով, նա իր շրջապատում հայտարարել է, որ թույլ չի տալու Կարեն Սարուխանյանը դառնա քաղաքապետ․
ArmLur.am-ի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց մեր ճշտող հարցին․
«Կարեն Սարուխանյանն ո՞վ է, եթե կարող է, ժողովուրդը ձայն կտա իրեն, թող դառնա»։
Ինչ վերաբերվում է իր առաջադրվելուն՝ Վարդան Ղուկասյանը չհերքեց՝ ասելով,
«Երբեք մի ասա՝ երբեք, կապրենք՝ կտեսնենք, ես այնքան բան ունեմ այս քաղաքի համար, որ 90%-ն իմ հետևից կգան, եթե առաջադրվեմ։ Թե չէ՝ Կարեն Սարուխանյան, ես այդպիսի մարդ այս քաղաքում չեմ ճանաչում, ով ասես, առաջ է եկել, խայտառակություն է»։
Քրիստինա Մուշեղյան, Սոնա Գրիգորյան