Իշխանությունների մոտ կարծես թե տրանսֆորմացիա է կատարվել. վերջերս վարչախումբն ամենատարբեր ամբիոններից խոսում է ՀՀ պատմության մեջ ամենաարդար ընտրություններն անցկացնելու մասին, այդ նպատակով նույնիսկ եղան բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներ: Անգամ Հայ ազգային կոնգրեսի առաջ բացվեց Հանրային հեռուստաընկերությունը: Նման պահվածքի պատճառը, թերեւս, դժվար չէ կռահել. Եվրոպայի ժողովրդական կուսակցության՝ EPP դիտորդներն այս օրերին գտնվում են Հայաստանում՝ ուսումնասիրելու, թե որքանով են ԵԺԿ արժեքներին համապատասխանում եվրոպական այս կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած կոալիցիոն երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ընդդիմադիր «Ժառանգություն»-ը:
ԱԺ խմբակցությունների հետ ԵԺԿ հանդիպումներն այնքան էլ հանգիստ չեն անցել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ հարց է եղել նաեւ ընդդիմության հանդեպ իշխանությունների պահվածքի մասին, թե արդյոք ընդդիմության համար կան գործունեության եւ ազատ արտահայտվելու պայմաններ եւ այլն: Այդ փաստը չժխտեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը եւս եղել է այդ հանդիպմանը: «Հարցադրումներ են եղել, պատասխանել ենք: Բայց չեմ կարծում, որ այսօրվա մեր հանդիպումները կապված են ներքաղաքական կյանքի հետ»,-ասաց նա: ԵԺԿ-ին շատ է հետաքրքրել նաեւ կուսակցության ֆինանսավորման մեխանիզմները եւ կուսակցություններում ներքին ժողովրդավարության խնդիրը. թե ներսում որոշումներն ինչպես են ընդունվում` կոլեգիա՞լ սկզբունքով, թե՞ կուսակցության վերնախավի կողմից: Բնականաբար, կոալիցիան սկսել է համոզել, որ իրենց կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարությունն ամենաբարձր մակարդակի վրա է:
Բայց որքան էլ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարեն այդ մասին, բոլորին է հասկանալի՝ դա արվում է ընդամենը եվրոպացիների աչքին թոզ փչելու համար: Դժվար թե որեւէ մեկը ԲՀԿ-ում հանդգնի Ծառուկյանի կարծիքին չհամապատասխանող որեւէ տեսակետ արտահայտել, էլ չասած՝ առանց նրա գիտության որեւէ քայլ անելու մասին: Նույնը նաեւ ՕԵԿ-ում, եթե, իհարկե, այնտեղ որեւէ կարծիք ընդհանրապես կա. այս կուսակցությունը մարտի 1-ից հետո դարձել է գրեթե ՀՀԿ ստորաբաժանումը: Իսկ ՀՀԿ ներքին ժողովրդավարության մասին խոսելը պարզապես ծիծաղելի է: Անգամ ՀՀԿ-ականներն իրենք են երբեմն անուղղակի կերպով հաստատում, որ մինչեւ վերջին պահը չգիտեն նույնիսկ, թե կուսակցության քաղխորհրդի կամ գործադիր մարմնի նիստերում ինչ է քննարկվելու, նաեւ խոստովանում են՝ այնտեղ որոշումները կայացնում է Սերժ Սարգսյանը՝ միանձնյա, լավագույն դեպքում՝ մերձավոր թիմի հետ միասին: Իսկ հինգշաբթի կամ ուրբաթ օրերին ՀՀԿ-ում անցկացվող գիշերային նիստերում Ս.Սարգսյանի հրապարակած որոշումները մշտապես շոկի մեջ են գցում ՀՀԿ-ականներին, ինչպես եղավ Հովիկ Աբրահամյանի կամ Միքայել Մինասյանի հրաժարականների դեպքում:
Գ.Սահակյանին նաեւ հարցրինք՝ ինչպես է ազգայնական-պահպանողական ՀՀԿ-ն անդամակցելու ժողովրդավարական կուսակցությանը: «ԵԺԿ-ն ինքնին պահպանողական կուսակցությունների միություն է: Պարզապես նրանք ժողովրդավարական արժեքները կապում են պատմական իրողությունների հետ, եւ մենք նույն դավանաբանության շրջանակներում ենք»,-հայտարարեց Սահակյանը: Իսկ ինչպես հասկանանք, որ ԵԺԿ-ին անդամակցել են ցանկանում նաեւ ազատական «Ժառանգություն»-ն ու ԲՀԿ-ն, Սահակյանը մեկնաբանեց՝ «Ըստ էության լիբերալները տնտեսության առումով պահպանողական կուսակցությունների մոտեցումներն են կիսում՝ նոր ժամանակներում: Այսինքն՝ նրանք պահպանողական տնտեսական համակարգի կողմնակից են»: Իսկ ԲՀԿ-ական, ԱԺ Եվրոինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բոլորովին այլ բան էր պնդում. «ԵԺԿ-ն տնտեսության մեջ լիբերալ է, հասարակական հարաբերություններում՝ ընտանիք, եկեղեցի, որոշակի պահպանողական»:
Ի դեպ, ԵԺԿ դիտորդների՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մեկ ուշագրավ փաստ է արձանագրվել. ՕԵԿ խմբակցության հանդիպմանը, բացի պատգամավորներից, նստած էր նաեւ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: Եվ սա այն դեպքում, երբ հանդիպումը ոչ թե կուսակցության, այլ խորհրդարանական խմբակցության հետ էր նախատեսված, իսկ Շահգելդյանն ԱԺ պատգամավոր չէ: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը երեկ համոզում էր, որ Շահգելդյանը կուսակցության փոխնախագահն է, իսկ հանդիպումն էլ ոչ թե ԱԺ խմբակցության, այլ՝ կուսակցության ներկայացուցիչների հետ էր: Թեեւ՝ անգամ պաշտոնական կայքերում բոլորովին հակառակն էր գրված: Ավելին, այսօր նրանք հանդիպելու են ՕԵԿ-ի հետ՝ արդեն կուսակցական գրասենյակում:
ԿՈԱԼԻՑԻԱՆ «ԵՎՐՈՌԵՄՈՆՏ» Է ԱՆՈՒՄ ԻՐԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ