ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատարանի որոշմամբ դատապարտվեց 4 տարի 5 ամիս ազատազրկման։
Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների համար:
Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ նախաքննությամբ պարզվել է, որ նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ ծառայության գծով հովանավորչության, այն է՝ հիշյալ ընկերության տնօրենի կողմից նախարարության հարեւանությամբ բազմաբնակարան շենք կառուցելու համար անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու հարցում համապատասխան պաշտոնատար անձանց հետ բարեխոսելու, ինչպես նաեւ նույնպիսի ծառայություններ մատուցող այլ տնտեսվարողի համար խոչընդոտներ ստեղծելու համար՝ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թվականին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:
Հիշեցնենք՝ 2020 թվականին Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին Ազգային հերոսի կոչում շնորհեց, որից հետո` 2 տարի անց, Փիլոյանը կալանավորվեց։