
Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում հայտնվել է բողոքի ցույցին։ Նա առաջին հայտարարությունն է արել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Վրաստանի նոր նախագահ հռչակվելուց հետո։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։
Զուրաբիշվիլին դուրս է եկել «մայրերի երթի» մասնակիցների մոտ, որոնց հարազատներին ձերբակալել են վրացական ուժայինները։ Նա շնորհակալություն է հայտնել ցուցարարներին, ովքեր չեն ճանաչում խորհրդարանում անցկացված նախագահական ընտրությունների օրինականությունը։
«Ոչինչ չկա։ Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել։ Ոչինչ տեղի չի ունեցել»,- ասել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները եւ մտադիր չէ լքել իր պաշտոնը։