Արտաքին հովանավորների զոհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանի անսպասելի հրաժարականի հետ կապված երեկ ողջ օրվա ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ: Եվ ինչպես որ սովորաբար  լինում է նման դեպքերում` քաղաքական բոլոր դերակատարներն այս կամ այն կերպ այդ փաստը փորձում էին ներկայացնել որպես հենց իրենց  պայքարի արդյունքում ձեռքբերված հաղթանակ: Մի կողմ թողնելով այն հարցը, թե ում հաղթանակն էր դա, և արդյոք` առհասարակ հաղթանակ էր, փորձենք  հասկանալ, թե Տ. Սարգսյանի հրաժարականով ո՞ր ուժերը պարտվեցին Հայաստանում:

Գաղտնիք չէ, որ Տ. Սարգսյանը մշտապես ընկալվել է որպես արևմտամետ գործիչ, և իր պաշտոնավարման առնվազն հինգ տարիներին հնարավորինս ձգտել է Հայաստանում ներմուծել և արմատավորել  արևմտյան չափանիշներ, ընդ որում՝  ոչ միայն դրական:

Նա մշտապես առաջ է տարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների շահերը, երբեմն` ի հակառակ մեր երկրի շահերի: Իսկ այդ կառույցներն էլ   տանիք են հանդիսացել Տ. Սարգսյանի համար` անհրաժեշտության դեպքում աջակցելով նրան նեղ իրավիճակներում:

Եվ սեպտեմբերի 3-ից հետո, երբ  Սերժ Սարգսյանը բոլորի համար անսպասելիորեն որոշեց Հայաստանը մտցնել Մաքսային միություն, Արևմուտքը` ի դեմս  ԱՄՆ-ի, ՀՀ իշխանական վերնախավում կորցնելով  ազդեցությունը` փորձում էր իր շահերն առաջ տանել  Տիգրան Սարգսյանի միջոցով: Ու թեև վերջինս փորձում էր ներկայացնել, թե ինքը որևէ խնդիր չունի ռուսների հետ, ակնհայտ էր, որ դա այդպես չէ, և որ նրա քաղաքական հովանավորները հակառակ բևեռում են:

Պատահական չէր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ամեն կերպ սատարում էր վարչապետի առաջ քաշած ծրագրերը, այդ թվում և`  կուտակային կենսաթոշակային տխրահռչակ համակարգի ներդնումը: Անգամ ՍԴ որոշումից հետո, ԱՄՆ դեսպանը  չվարանեց կրկին իր հրապարակային աջակցությունը հայտնել վարչապետի նախագծին:

Սակայն այն բանից հետո, երբ մամուլում արտահոսք եղավ Տիգրան Սարգսյանի և կուտակային ֆոնդերից մեկի ղեկավարության միջև սերտ կապերի մասին, ինչը բացահայտ ակնարկ էր առ այն, որ Տ. Սարգսյանն անձնական շահագրգռվածություն ունի այդ ֆոնդերում ներդրվող գումարների մասով, Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, հասկացավ, որ  ախմախ չլինելու մասին իր եզրակացությունում փոքր-ինչ շտապել է:

Եվ արդյունքում` Արևմուտքն ու ԱՄՆ-ը  զրկվեցին Հայաստանի իշխանական վերնախավում ունեցած, ըստ էության, վերջին հենարանից:

Այդպիսով` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, փաստորեն, ձախողեց  Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումն  ապահովելու  առաքելությունը,  հետևաբար` չի կարելի բացառել, որ առաջիկայում նա ևս հետևի Տ. Սարգսյանի օրինակին և հրաժարական տա առնվազն ՀՀ-ում դիվանագիտական աշխատանքից:




Լրահոս