ArmLur.am-ի տեղեկություններով՝ Վարդան Արշավիրի Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության տնօրենի 2022 թվականի փետրվարի 24-ի թիվ 6 ԱՊ հրամանի հիման վրա հանդիսանալով «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության ամբարձիչի /ավտոկառ/ վարոոդ, պատշաճ հրահանգավորված լինելով աշխատավայրում ամբարձիչ տեխնիկայի անվտանգության կանոնները պահպանելու վերաբերյալ և հանդիսանալով նույն ընկերության ամբարձիչ սարքավորումների աշխատանքների անվտանգ շահագործման պատասխանատու անձ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 594-Ն հրամանով սահմանված պահանջների համաձայն «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության կողմից մշակված և տնօրենի կողմից 18.02.2021 թ-ին հաստատված ամբարձիչ սարքավորման /ավտոկառ/ վերաբերյալ «Արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության» վկայագրի 1.4 կետի /այն է՝ <..արգելվում է ամբարձիչի կիրառումը մարդկանց, պայթյունավտանգ կամ թունավոր նյութերի բարձրացման համար…>/ և նույն ընկերության կողմից մշակված ու 24.02.2021թ-ին հաստատված «Ավտոկառի տեխնիկայի անվտանգության կանոններ» Հրահանգի 11-րդ բաժնի բ) /այն է՝ <Եղանային բեռնիչները նախատեսված են բեռների, այլ ոչ թե մարդկանց տեղափոխման համար>, գ) /այն է՝ <մի օգտագործեք եդանային բարձիչը մարդկանց բարձրացնելու համար:
Անհրաժեշտության դեպքում մարդ բարձրացնելու համար պետք է օգտագործել միայն հուսալի ամրացված և արգելապատնեշներով հարթակ՝ պահպանելով անվտանգության և նախազգուշական միջոցները>/ և նույն հրահանգի 13-րդ. բաժնի ա) /<հիշեք այն մասին, որ թեք հարթությունով վերև բարձրանալիս հարկավոր է շարժվել հետընթացով, հատկապես բեռ տեղափոխելու ժամանակ>/ և բ) /<արգելվում է կատարել բեռնում և բեռնաթափում թեք հարթության վրա>/ կետերի պահանջները, 2023 թվականի փետրվարի 10-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հաղթանակ 1 հասցեում գործող «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերությունում որպես էլեկտրիկ աշխատող Գևորգ Արսենի Գևորգյանի խնդրանքով, վերջինիս կողմից ընկերության տարածքում նախապես պլանավորված նոր օդային էլեկտրական մալուխների անցկացման աշխատանքներ իրականացնելու նպատակով, իր կողմից շահագործվող բեռների բարձրացման և տեղափոխման համար նախատեսված ամբարձիչ տեխնիկայի /ավտոկառի/ բարձրացման մեխանիզմի վրա ինքնակամ հավաքակցված մետաղական զամբյուղով Գևորգ Գևորգյանին բարձրացրել է մոտ 4-5 մետր բարձրության վրա և այդ ընթացքում հերթական անգամ տեխնիկան առաջ շարժվելու ժամանակ, թեք տարածության վրա ավտոկառը կողաշրջվել է, ինչի արդյունքում Գևորգ Գևորգյանը վայր է ընկել գետնին՝ ստանալով ձախ ազդրոսկրի փակ բազմաբեկոր կոտրվածքի, գլխի աջից գագաթային շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածքները, որոնք վերջինիս առողջությանը պատճառել են ծանր վնաս՝ ընդհանուր աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորստի հատկանիշով:
Այսինքն՝ Վարդան Արշավիրի Կարապետյանը «Ռոյալ Արմենիա» Հ/Ձ ՍՊ ընկերության հետ կնքած աշխատանքային պայմանագրով և վերը մեջբերված հրամանի համաձայն՝ պարտավոր լինելով պահպանել աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված և վերը մեջբերված կանոններն ու պահանջները, խախտել է դրանք, որի հետևանքով Գևորգ Արսենի Գևորգյանի առողջությանը անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
Քնար Մանուկյան