ԱՐԱ՛, ՀՈ ՖՈՒՏԲՈԼԻ ԿԱՄԱՆԴ ՉԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրա հետ խորհրդարան եկած թիմի միայն մի մասը հեռացավ, իսկ նրա խորհրդական Ալբերտ Հերոյանը, նաեւ արարողակարգի հարցերի պատասխանատու Գեորգի Մուրադյանը շարունակում են պաշտոնավարել: Վերջինս այս օրերին Հայաստանում չէ, իսկ Հերոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ինքը ՀՀ քաղաքացի է եւ ազատ է իր աշխատանքի ընտրության հարցում:
-Թեեւ Դուք ԱԺ եկաք Հովիկ Աբրահամյանի հետ միասին, սակայն նրա հրաժարականից հետո մյուս խորհրդական-օգնականների նման ինքներդ հրաժարական չներկայացրիք: Ինչո՞ւ:
-Բացե՛ք իմ կենսագրականը, նայե՛ք էլ իմ կենսագրականը, անցած ճանապարհը: Ի՞նչ է եղել, ինչի՞ պիտի բան անեմ, ի՞նչն է պատճառը, որ հրաժարական տամ:
-Դուք ԱԺ եկաք որպես նրա թիմի անդամ…
-Հայաստանի Հանրապետությունում թիմ չկա, ՀՀ-ում կան քաղաքացիներ, եւ որտեղ ցանկություն ունենամ, այնտեղ էլ կաշխատեմ: Ի՞նչ թիմ, արա՛, հո ֆուտբոլի կամանդ չի սա:
-Աբրահամյանի մյուս օգնականներն ու խորհրդականները հրաժարական էին տվել, Դուք` ոչ:
-Կադրերի բաժին զանգե՛ք, նրանք կասեն` ինչու են դիմում գրել, հրաժարվել: Կարող է տեղաշարժեր են եղել, այլ աշխատանքի են գնացել:
-Նրանք հրաժարական են տվել ԱԺ նախագահի հրաժարականից հետո:
-Դա ի՞նչ ա տալու ձեզ: Ես ՀՀ քաղաքացի եմ, իմ որոշումների մեջ ազատ եմ:
-Իսկ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ինչպե՞ս կմեկնաբանեք, Դուք եղել եք նրա խորհրդականը:
-ՀՀ ամեն մի քաղաքացի ունի իր իրավունքները: Դա հարցրե՛ք Հովիկ Աբրահամյանին, թե ինչու է հրաժարական տվել:
-Որպես նրա խորհրդական` չե՞ք խոսել այդ հարցով, Ձեր խորհուրդը չե՞ք տվել նրան:
-Եթե ինքն աշխատանքի բնույթով ինձանից խորհուրդ ուզենար, ես խորհուրդ կտայի: Բայց իրեն անձնական խորհուրդ տալու իրավունք չունեմ: Եւ ոչ մեկը նրան իրավունք չունի խորհուրդ տալու:
-Իսկ աշխատանքային հարթության վրա ի՞նչ խորհուրդներ եք տվել նրան, ի՞նչ ոլորտների վերաբերյալ:
-Բոլոր… սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած ժամանակի ընթացքում տասնյակ տարիներ աշխատել եմ ու բան չէ…
-Մամուլում նրա հրաժարականից հետո խոսք եղավ, որ Աբրահամյանը քոչարյանական թիմի համար դավադրություն նախապատրաստողների թիմում է եղել: Ձեզ համար համոզի՞չ էր Աբրահամյանի հրաժարականի պատճառը, թե՞ հավատում եք դավադրության տեսությանը:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:
-Ո՞ւմ կուզեիք տեսնել ԱԺ հաջորդ նախագահ:
-Դա ԱԺ 131 պատգամավորների խնդիրն է, դա Հերոյան Ալբերտի խնդիրը չէ:
-Բայց ինքներդ ո՞ւմ կուզեիք տեսնել այդ պաշտոնում: Ի վերջո, շարունակում եք մնալ ԱԺ նախագահի խորհրդական:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ արդեն ասացի` այդ որոշումն ԱԺ պատգամավորները պետք է կայացնեն:
-Ում էլ ընտրեն` պատրա՞ստ եք նրա հետ աշխատել:
-Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ինքս ՀՀ քաղաքացի եմ ու ազատ եմ` որոշելու, թե ում հետ աշխատեմ: Իսկ եթե չուզենամ աշխատել, դա իմ անձնական խնդիրն է:
-Սամվել Նիկոյանի անունն էր այս կոնտեքստում քննարկվում` որպես ԱԺ նախագահ:
-Ես այդտեղ որեւէ խնդիր չունեմ որեւէ մեկի հետ:
-Կուսակցական առումո՞վ խնդիր չունեք, թե՞ ինչ:
-Ես ինքս անկուսակցական եմ:
-Բայց հիմա մոդա է դարձել ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին անդամակցելը:
-Ես չգիտեմ` մոդա է, թե ոչ, բայց ես մի բան գիտեմ` ես ՀՀ քաղաքացի եմ, իրավունք ունեմ աշխատելու: Քաղաքականության մեջ չկամ ես, բացարձակապես:
-Ձեր նախկի՞ն պաշտոնն էր ավելի մեծ լծակներ տալիս Ձեզ, թե՞ ներկայիս:
-Անձնավորությունը, որ բնագավառում էլ ուզենա աշխատել, լծակները միշտ էլ ազատ են: Աշխատող մարդու համար են լծակները:
-Իսկ Արմավիրի ներկայիս մարզպետի աշխատաոճից գո՞հ եք:
-Ես բացարձակապես չեմ խառնվում մարզի աշխատանքներին: Իմ պաշտոնը վայր դնելուց հետո այլեւս չեմ հետաքրքրվում մարզով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս