«Հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն տրամադրելու վերաբերյալ օրինագիծը, որը պետդուման ընդունեց նաև 2-րդ և 3-րդ ընթերցմամբ, զայրացուցիչ գայթակղություն է, սակայն իր զավակների նկատմամբ պարտքի զգացում ունեցող որևէ անձի վրա չի կարող ազդել», –Armlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացի դառնալու գայթակղությունը կարող է ազդել միայն սատանայական և անասնական մտածելակերպ ունեցողների վրա:
«Սա ուրախություն է դավադիրների համար: Եթե դու կարգին մարդ ես, հարգում ես ծնողներիդ և մտածում երեխաներիդ մասին, ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգի հեշտացումը չի կարող ազդել քեզ վրա: Միաժամանակ, ի տարբերություն հրեաների, մենք ազգային անցյալի և ապագայի հանդեպ պատասխանատվություն պետականորեն չունենք:
Ռուսները տեսնում են, որ իրենց երկրին ճգնաժամ է սպառնում և ջանում են չինացիներով, հնդիկներով, հայերով ու ադրբեջանցիներով ավելացնել իրենց մարդկային ներուժը: Սա իրենք իրենց համար են անում, բայց բոլորս լավ գիտենք, որ Հայաստանի նկատմամբ առանձնակի քաղաքականություն է տարվում, և դա դավադիր քաղաքականություն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Անի Ղազարյան