ՖՈՏՈ. Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91-րդ տարեդարձն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկան» սոցցանցի իր էջում գրում է.

«Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է։
Մեծանուն հայի տեսակ, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց հայրենիքի բարօրությանն ու ապագա սերունդներին ավանդեց մնայուն արժեքներ։

Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծանու՛ն մարդ»։

Կառլեն Լազարի Եսայանը ծնվել է 1933 թվականի դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում, ծառայողի ընտանիքում։

Հայաստանի վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը կնոջ՝ Հայաստանի վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում։

Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցել է Հայրենական պատերազմի և Ղարաբաղյան պատերազմի զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը:

2004-2011թթ. ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար 1000 դոլար էր նվիրաբերում` այդպիսով աջակցելով հայրենի գյուղի երիտասարդ ընտանիքներին:

Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը: Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սբ. Գևորգ եկեղեցին` շրջապատված խաչքարերի պուրակով:

Կառուցվել և 2011թ. ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը` արձանախմբերով (ֆիդայու, Պըլը Պուղու, և այլն):

Կառուցվել և կահավորվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցել է դպրոցը` հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան, դպրոցն անվանակոչվել են Կառլեն Եսայանի անունով:

Եսայան ամուսինները կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր, որտեղ աշխատում են գյուղի բնակիչները:

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները:

Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները:

2013թ. Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին: Եսայաններ ընտանիքի բարերարությամբ 2014թ. ավարտին կհասցվի Մարտակերտի շրջկենտրոնի հյուրատունը:

Երևանում կառուցվում է և 2014թ. ավարտին կհասցվի Ֆ. Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է նաև Նանսենի արձանը: Կողքին կառուցվում է Սբ. Աստվածածին եկեղեցին` շրջապատված խաչքարերով և արձանախմբերով:

Կառլեն Եսայանը իր մասնագիտական գործունեության ընթացքում արժանացել է բազում պարգևների` խրախուսանքների, շնորհակալագրերի, շքանաշանների:

2006թ. ՆՀ-184 –Ա հրամանագրով , Կառլեն Եսայանին, շնորհվել է ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում։

2010թ ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։

2013թ. դեկտեմբերի 19-ին, ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով,
2013թ. դեկտեմբերի 21-ին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով` Կառլեն Եսայանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով:

Ինչպես նաեւ, Երկրապահ կամավորականների միության կողմից 2010թ. պարգևատրվել է հուշամեդալով, 2011թ. «5-րդ բրիգադ« մեդալով, Մյասնիկյանի, Սպանդարյանի գործադիր կոմիտեների, Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգրով, ՀԱՄԽ-ի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրերով։

2007թ. պարգևատրվել է մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտիոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով և ակադեմիկոս (Եվրոպայի ակադեմիայի) Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալով։

2005թ. շնորհակալական նամակներ է ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

2014 թ. հունիսի 12-ին, երկարատև ծանր հիվանդությունից, կյանքի 80-րդ տարում վախճանվեց ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը:




Լրահոս