ԱՂՋԻԿԸ ԴԵՌ ՉԻ ԶԱՐԹՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա  մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» շատ կարճ ժամանակով է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ ընկել: Պարզվում է` աղջիկը դեռեւս գիտակցության չի եկել, մինչդեռ արդեն մեկ ու կես ամիս է անցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն` քթի պլաստիկ վիրահատության համար: Վիրահատությունն անցել էր նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել էին Սաթենիկին «նարկոզից» դուրս բերել, նա մի քանի րոպեով էր ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել էր ցնցման մեջ:
Սաթենիկի բարեկամները չեն հասկանում,  թե ինչ է կատարվում աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ առողջական խնդիրներ չի ունեցել: 19-ամյա աղջկա վիճակն անհասկանալի է նաեւ բժշկական անձնակազմի համար: Նշենք, որ Սաթենիկի մորաքույրը մեզ հետ զրույցում ասել էր, որ աղջիկը 10 տարի լատինաամերիկյան պարերի է հաճախել, եւ եթե նրա մոտ ինչ-որ առողջական խնդիր լիներ, դա ակնհայտ կերեւար պարապմունքների ժամանակ:
Սաթենիկն այժմ գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում` անգիտակից վիճակում: Նա հանգստացնող դեղերի ազդեցության տակ է: Ցնցման մեջ ընկնելուց հետո նրան դեղ են ներարկել, ինչի արդյունքում աղջիկը գտնվում է հանգիստ վիճակում:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի հետ` պարզելու համար, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Սաթենիկը: Պարոն Մանգոյանն ասաց, որ Սաթենիկը դեռեւս իրենց բաժանմունքում է,  եւ որեւէ փոփոխություն չի նկատվում:
 Բաժանմունքի վարիչի հետ մեր վերջին զրույցի ժամանակ տեղեկացել էինք, որ Մոսկվայից բժիշկներ են հրավիրվել` աղջկա վիճակին ծանոթանալու համար:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունեն Մոսկվայի բժիշկները` այս դեպքի հետ կապված. «Առաջատար մասնագետներ եկան, ոչ մի նորություն, ոչ ասենք առանձնահատուկ պատճառների մասին… բուժումները լրիվ համաձայնեցված… բայց առանձնակի փոփոխություններ չեղան, կիսվեցին իրենց կողմից, թե ինչ կարելի է էլի փորձել, էլի տարբեր երկրներից են մասնագետներ եկել, խոսել ենք, իրենք էլ են տեղեկացվել աղջկա վիճակի մասին, սակայն դեռեւս ոչ մի փոփոխություն չկա»:
Պարոն Մանգոյանը հավելեց, որ Սաթենիկը գտնվում է հակացնցումային դեղորայքի եւ քնաբերի ազդեցության տակ, եւ եթե իրենք զգում են, որ նա գրգռված է, կրկին ներարկումներ են կատարում: Հավելենք, որ բժշկությանը հայտնի են դեպքեր,  երբ տարիներ է տեւել, մինչեւ մարդն այդ վիճակից դուրս է եկել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս