ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՐԻՆԵ ԴԻԼԱՆՅԱՆԸ «Դժվար ապրուստ» սերիալի Նինայի դերակատարն է: Դերասանական կրթություն չունի, մասնագիտությամբ բանասեր է: Գրում է բանաստեղծություններ, երգեր, Աիդա Սարգսյանի «Տոն Զատկի» երգի հեղինակն է: Բոլորովին պատահական է հայտնվել սերիալում: Սկզբում նույնիսկ վախենալով է հանձն առել, բայց ընթացքում ամեն ինչ փոխվել է: Նարինեն նաեւ տեղեկացրեց, որ մեծ ցանկություն ունի հրատարակել իր բանաստեղծությունների գիրքը:
-Դուք բավականին բնական եք խաղում, շատերի մոտ հարց է առաջանում` միգուցե Նարինեն ու Նինան կյանքո՞ւմ էլ շատ նմանություններ ունեն:
-Նինան քաղքենի կնոջ կերպար է, բայց, ամեն դեպքում, նա հիմար չէ: Որպես մարդ` նա վատը չէ, ամեն ինչ իր մտածածով փորձում է ճիշտ անել, թե՛ իր աղջկա ապագայի մասին է մտածում, թե՛ հորաքրոջ ընտանիքի… Նույնիսկ մի քիչ անգրագիտությունը նրան չի դարձնում պակաս ճարպիկ: Գիտեք, ինձ շատ են ասել, որ խաղս այնքան բնական է ստացվում, որ հեռուստադիտողին թվում է, թե այս աղջիկն իրականում էլ հենց այդպիսին է: Իմ դերը շատ է հիմնված իմպրովիզի վրա:  Նինային համարում եմ խարակտերային կերպար:
-Իսկ պատահե՞լ է, որ Նինայի կերպարը շարունակի Ձեզ ուղեկցել նկարահանման հրապարակից դուրս:
-Անպայման, մի անգամ` նկարահանումների ավարտից հետո, ուշ էր, Ժորիկի դերակատարի հետ փորձում էինք տաքսի կանչել, բայց ուշանում էր: Ես էլ այդ կերպարի մեջ ասացի. «Ժորի՛կ, վա՛յ, էս տաքսին ի՞նչ եղավ»: Նա էլ զարմացած շրջվեց, ասաց. «Նառա՛, դու հիմա Նինա՞ն ես»:
Ի դեպ, մի գաղտնիք էլ բացեմ.  Նինայի հորաքրոջ տան նկարահանումները հենց մեր տանն են կատարվում: Այսինքն` այն տունը, որ տեսնում եք սերիալում, իրականում ես այնտեղ էլ ապրում եմ:  Ինքս այդպես ցանկացա, քանի որ մեր տանը ես ավելի անկաշկանդ եմ ու հանգիստ:
-Քեզ նույնացնո՞ւմ են կերպարիդ հետ:
-Երեւի կհիշեք, որ Նինան սկզբում բացասական կին էր, բայց հիմա նա վերափոխվել է, դարձել է շատ դրական: Ասեմ նաեւ, որ այն մի ամիսը, երբ ես մի քիչ բացասական էի, մարդիկ այնպես ջերմ չէին արձագանքում, ինչպես հիմա: Ժողովուրդը շատ է սիրել Նինային, չգիտես ինչու: Բայց չեմ թաքցնի, այդ փաստի համար ես շատ ուրախ եմ: Դրսում արձագանքները շատ ջերմ են: Չեմ ցանկանա գովել իմ կերպարին, բայց մարդկանց խոսքերից հասկանում եմ, որ իմ ու Ժորիկի կտորներն ամենից շատ են հավանում: Քանի որ ես դերասանուհի չեմ, ապա մարդկանց դրական կարծիքներն ու արձագանքներն ինձ թեւ ու թիկունք տվեցին: Դե սկզբում ես որոշել էի, եթե ինձ մոտ չստացվի, այլեւս չեմ շարունակի նկարահանվել: Բայց ամեն ինչ սկսվեց, եւ ինչպես տեսնում եք, մինչեւ հիմա էլ շարունակվում է: Նկարահանումների սկզբում էլ ասել էի, եթե մի բան էնպես չանեմ, ինձ ասե՛ք, ես չեմ նեղանա: Ամեն դեպքում, ես շատ անկեղծ եմ խաղում եւ պատասխանատվությամբ եմ մոտենում աշխատանքիս:
-Դրսում ճանաչողներն ինչպե՞ս են արձագանքում:
-Ա՛յ դա բոլորովին ուրիշ պատմություն է: Էկրանին ես շատ տարբեր եմ: Իրականում ավելի նիհար եմ եւ տարիքով էլ փոքր եմ երեւում: Նույնիսկ երբ տեսնում են, զարմանում են, ասում են. «Վա՜յ, ինչ նուրբիկ ու փոքր ես»:
-Նինայի պես կերպարներ շա՞տ կան մեր հասարակության մեջ:
-Մինչ սերալը ես չգիտեի` էդպիսի մարդիկ շատ են, թե ոչ: Բայց երբ ինձ ասում են, որ Նինան շատ նման է իրենց հարեւանուհուն կամ իրենց բարեկամներից մեկին, հասկանում եմ, որ այդպիսի կանայք քիչ չեն:
-Ինչպիսի՞ն է Նարինեն էկրանից դուրս:
-Ես շատ ակտիվ անձնավորություն եմ, աշխույժ, նախասիրություններս էլ բազմազան են: Իմ մեջ էնտուզիազմն է շատ ուժեղ զարգացած: Հիմա մի բան կպատմեմ, կհասկանաք: 4-րդ դասարանի աշակերտուհի էի, դպրոցական, ու չգիտես ինչու, որոշեցի էնպիսի մի բան անել, որ ամբողջ դպրոցն ինձ ուշադրություն դարձնի: Վերցրի պայուսակս ու գցեցի դպրոցի կողքի ջրհորի մեջ, հետո լացելով ու բղավելով եկա դպրոց եւ ասացի, որ ինձ ուզում էին առեւանգել: Այդ դեպքից հետո ամբողջ դպրոցն ինձ ճանաչում էր, ծնողներս էլ ահավոր վախեցել էին: Իմ մեջ չարաճճիությունն ու էներգիան  այնքան շատ էր, որ ես ինչ-որ նոր բաներ էի հորինում ուշադրության կենտրոնում լինելու համար: Հավատացե՛ք, այս պատմությունը ես բացահայտել եմ մի քանի տարի առաջ, այսքան տարի թաքցնում էի բոլորից: Շատերը մինչ այդ համոզված էին, որ այդպիսի դեպք եղել է:  
-Անձնականից ի՞նչ կասեք:
-Նշանված եմ, փեսացուիս ճանաչում եմ շատ վաղուց: Ի դեպ, սերիալի մեջ, երբ հորաքրոջ ամուսինը եկավ Ռուսաստանից, այդ դերը հենց իմ նշանածն էր խաղում: Նա նույնպես դերասան չէ մասնագիտությամբ, պարզապես ինձ հետ միայն նա պետք է նկարվեր: Մենք միասին ենք արդեն 10 տարի:
-Իսկ ե՞րբ եք ամուսնանալու:
-Շուտով:

 ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս