Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 06:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, 2-րդ հարկում հայտնաբերվել է 2 դի: ArmLur.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։ Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլառնետի, սաքսաֆոնի խմբակներում։
Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ հունվարի 6-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 4-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։
Մահացածները մայր ու դուստր են։
ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում բացառիկ տեսանյութ դեպքի վայրից։
Տեսանյութն՝ այստեղ
Քնար Մանուկյան