Թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրել է, որ երեկ ադրբեջանական կողմը մի փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեմայով:
«Ադրբեջանական մեդիաները Իրանի արտգործնախարարության անունից տարածեցին լուրեր այն մասին, թե իբր միջանցքի հարցում Իրանը զիջել է և շուտով Թուրքիայում քննարկվելու են դրա բացման տեխնիկական մանրամասները։ Բարեբախտաբար, նման բան չկա. իրանական կողմը շատ արագ հերքեց ամեն բան:
Սակայն արդբեջանական այս գրոհը հիշեցնում է 3 կարևոր բան.
1. «Թուրանական միջանցք»-ի հարցում 2025 թվականին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը։ Այն կապված է մի շարք հանգամանքներով (մասնավորապես՝ շինարարության ժամկետներով)։ Երեկվա գրոհը դրա վաղ նշաններից է։
2. Միջանցքի հարցում Իրանը մնում է գլխավոր դեմ կողմը։ Իրանը՛, ոչ թե Հայաստանը, ցավոք։ Իրանի վրա արևմտյան ճնշման մեծացման պարագայում այս՝ մեզ համար խիստ շահեկան դիրքորոշումը կարող է փոփոխվել։
3. Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Հայաստանի դեմ ոչ միայն դասական մարտի դաշտում է, այլ նաև տեղեկատվական մարտադաշտում։ Երեկվա գրոհը դրա վառ վկայությունն է։ Ուստի կարևոր է չտարածել թուրքական կազմակերպված քարոզչությունը։
Առաջիկա շաբաթներին մենք կներկայացնենք այսպես կոչված միջանցքի մասին համապարփակ հետազոտություն, որը կօգնի հնարավորինս մանրամասն հասկանալ ու պատկերացնել այդ սպառնալիքի էությունը և որոշ հակաքայլեր մշակել»,- գրել է Գեղամյանը։