Թվում է, թե մարդու կյանքի լավ որակը կախված է հենց իրենից, սակայն շատ ժամանակ այն կարող է կախված լինել դիմացինից և անգամ մտքովդ էլ չի անցնի, որ դիմացում գտնվողը շատերի կյանքը կբարելավվի թեկուզ շատ տարիներ անց։
Շատ կանանց կյանքի որակը, ռիթմն ու բարօրությունը ստեղծել և մինչ օրս ապահովել է ֆրանսուհի մոդելյեր, Շանել նորաձևության տան հիմնադիր Գաբրիել Բոնյոր Շանելը, ով առավել հայտնի է Կոկո Շանել անունով։
Կոկո Շանելն այն կերպարն է, որը դեռ 1 դար առաջ մեծ ներդրում արեց Եվրոպական նորաձևության մեջ։
Շանելն այն կերպարն է, որը հեղափոխություն է արել կանանց նորաձևության մեջ, այսինքն, երբ նորաձևության մեջ դոմինանտ էին տղամարդիկ, հայտնվեց Կոկոն և դոմինանտության ղեկը վերցրեց իր ձեռքը։ Շանելն իր ուղին սկսել է կանանց համար կոստյումներ կարելով, որի համար օգտվել է տղամարդկանց պահարանից և այդ քայլը համարել ու անվանել «պարզության շքեղությունը» (ֆրանսերեն՝ le luxe de la simplicité)։ Շանելն առավել հայտնի է իր «Շանել № 5» օծանելիքով, որն ինչպես անցած դարում, այնպես էլ մինչ օրս համարվում է բեսթսելլեր։
Այսօր Կոկո Շանելի հիշատակի օրն է և ArmLur.am-ը ներկայացնում է Շանելի կյանքից հետաքրքիր պատառիկներ։
Կոկո Շանելի առաջին աշխատանքը եղել է հագուստի խանութում, որպես վաճառողուհի, իսկ ազատ ժամանակ երգում էր կաբարեում։ Հանդես է եկել Ko Ko Ri Ko և Qui qu’a vu Coco երգերով, որոնց շնորհիվ էլ ստացել է իր կեղծանունը՝ Կոկո։ Այդպիսի ելույթներից մեկի ժամանակ Կոկոյին նկատում է սպա Էտյեն Բալզանը։ Կոկոն տեղափոխվում է նրա մոտ և ապրում Փարիզում, սակայն շուտով հեռանում է արդյունաբերող Արթուր Կեյպելի մոտ, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բոյ» կեղծանունով։ 1910 թվականին Շանելը Փարիզում բացում է գլխարկների խանութ. մեկ տարվա ընթացքում խանութը տեղափոխվում է Կամբոն փողոց, Ռից հյուրանոցի դիմաց, որտեղ էլ գտնվում է մինչ օրս։
Կոկո Շանելին կարել սովորեցրել են միանձնուհիները։ Շանելը կարել սովորել է Օբազին Աբբայության մանկատանը, որտեղ նա մեծացել է: Կարելի է ասել, որ Կոկո Շանելը պետք է շնորհակալ լիներ հենց այդ միանձնուհիներին, քանի որ կարելի է ասել Շանելի հետագա կարիեռայում հենց միանձնուհիներն էլ ունեցել են իրենց փոքրիկ լուման։
Շանելի սիրային կյանքը ևս հետաքրքրություն է շարժում, չնայած նրան, որ շանելը տղամարդկանց համարում էր «կնոջ համար պարզապես զարդ»։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շանելը հարաբերություններ է ունեցել գերմանացի սպա Բարոն Հանս Գյունտեր վոն Դինքլեջի հետ, ով համարվում էր գերմանացի լրտես: Այդ իսկ պատճառով լուրեր էին տարածվել այն մասին, որ Կոկոն ինքն էլ լրտես էր:
ArmLur.am-ը ներկայացնում է նաև Կոկո Շանելի հետաքրքիր մտքերից, որոնք անտարբեր չեն թողնում ոչ ոքի։
1․ Հոգ տանելով սեփական գեղեցկության մասին, պետք է սկսել սրտից և հոգուց, այլապես ոչ մի կոսմետիկա չի կարող օգնել:
2․ Տգեղ կին չի լինում, լինում են ալարկոտներ:
3․ Ինչ ուզում ես ասա, կինը տղամարդու կյանքում լինում է միակը, մնացած բոլորը այդ կնոջ շողքերն են:
4․ Գեղեցկությունը մեզ հարկավոր է, որպեսզի տղամարդիկ սիրեն մեզ, իսկ հիմարությունը հարկավոր է, որպեսզի մենք սիրենք տղամարդկանց:
5․ Օծանելիքը անտեսանելի, բայց անմոռանալի, անգերազանցելի նորաձև աքսեսուար է: Այն իմաց է տալիս, որ կին է հայտնվել և շարունակում է հիշեցնել կնոջ մասին, երբ նա արդեն հեռացել է։
6․ Ես ողջ աշխարհի կանանց համար հագուստ եմ արտադրել, իսկ նրանք ձգտում են մերկ շրջել։
7․ Ամեն կին չէ, որ գեղեցիկ է ծնվում, բայց եթե նա 30 տարեկանում չի դառնում այդպիսին, ուրեմն` հիմար է։
8․ Ընդունված է կարծել, որ շքեղությունը աղքատության հակադրությունն է: Ո՛չ, շքեղությունը վուլգարության հակադրությունն է։
9․ Որքան վատ է աղջկա գործերն, այնքան լավ տեսք նա պետք է ունենա։
10․ Չեմ սիրում երկար պիջակներ: Տղամարդու հետ զրույցի ընթացքում չեմ տեսնում՝ ինչպես են նրանք վերաբերվում ինձ:
11․ 40 տարին լրանալուց հետո ոչ ոք երիտասարդ չէ, բայց մենք կարող ենք անկրկնելի լինել ցանկացած տարիքում:
12․ Ձեռքերը ցանկացած աղջկա այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրը:
13․ Զսպել քեզ, երբ վիրավորված ես, և տեսարաններ չսարքել, երբ ցավ ես ապրում: Ահա թե ինչ է իդեալական կինը:
14․ Եթե դուք ցանկանում եք ունենալ մի բան, որը երբեք չեք ունեցել, ստիպված եք անել այն, ինչ երբեք չեք արել:
15․ Կանանց մոտ G կետը գտնվում է «shopping» բառի վերջում:
Ահա այսպիսով, նայելով կանանց հագուստներին կարելի է կռահել, թե հագուստը մոդելավորողը սիրո՞վ է կանանց հանդեպ տրամադրված, թե՞ ատելությամբ։ Նայելով Կոկո Շանելի արվեստի գործ համարվող հագուստներին, միանշանակ է դառնում, որ Շանելը ոչ թե սիրում, այլ մեծարում է կնոջ կերպարը թե՛ նորաձևության, թե՛ առօրյա կյանքում։
Աննա Սրապիոնյան