
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը հույս ունի, որ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնող թուրք մտավորականների թիվը գնալով ավելի ու ավելի կմեծանա, քանի որ դրա նախադրյալներն ակնհայտ են:
Arrmlur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ թուրքագետը՝ անդրադառնալով փաստին, որ հայտնի թուրք այլախոհ Ռագըփ Զարաքոլուն լինելու է ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառման հիմնազեկուցողը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, այսօր Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսելու քաջություն ունեցող մտավորականները քիչ են ՝ հազիվ հարյուր մարդ, սակայն ստեղծվել է խիստ նախնական մի վիճակ, որը կարող է զգալիորեն ավելացնել նրանց թիվը:
«Իսկ ընդհանրապես, ընդամենը մեկ մտավորականի՝ Ցեղասպանության ճանաչման մասին հորդորները մեծ նշանակություն կամ ազդեցություն չեն կարող ունենալ: Ցավոք, դա այդպես է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսում այս տարի կայանալիք միջոցառումը կկազմակերպի հայկական հարցերով կոնգրեսական խմբի կողմից՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատան, Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության գրասենյակի և երկրում գործող հայկական կազմակերպությունների աջակցությամբ:
Անի Ղազարյան