Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է տարածել՝ բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Նա նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակի անտառային հրդեհների հետևանքով, որոնք ուղեկցվում են եղանակային ծայրահեղ պայմաններով:
«Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը վտանգի մակարդակը 3-ից դարձրեց 2-րդ՝ այս գիշեր, ժամը 22-ից մինչև 10-ը սպասվող ուժեղ քամու պատճառով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը:
Էլեն Ասատրյանը հայտնել է նաև, որ Գլենդելի հրշեջներն ու ոստիկանությունը օգնություն են տրամադրում Փասադենա քաղաքին. «Ցավոք, մեր քաղաքը զգալի վնասներ է կրել․ կան տապալված էլեկտրահաղորդման գծեր, ընկած ծառեր և բեկորներ։ Անձնակազմերն անդադար աշխատում են՝ էլեկտրաէներգիան հնարավորինս արագ և անվտանգ վերականգնելու համար: Եթե դուք հանդիպեք ընկած հոսանքի գծի, խնդրում ենք հեռու մնալ և անմիջապես զանգահարել 911: Հանրային աշխատանքների մեր թիմը քրտնաջան աշխատում է՝ մաքրելով տապալված ծառերն ու բեկորները»:
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին լիցքավորեք սարքերը, պատրաստել առաջին անհրաժեշտության պայուսակները, ստուգել միմյանց առկայությունը: