Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքը հույս չունի, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կգնա իրենց հետ հանդիպման:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Մուրադյանի որդին` Գևորգ Մուրադյանը: Նրա խոսքերով՝ եթե ոստիկանապետը ցանկություն ունենար իրենց տեսնելու, կգնար այն ժամանակ, երբ գնացել էր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Պարոն Կոստանյանը, երբ եկավ մեր տուն, հայտնեց, որ հորս սպանության գործի քննությունն ընթացքի մեջ է, բայց կասկածյալներ դեռ չկան: Իսկ ոստիկանապետը հայտնել էր, որ երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելի մեզ, սակայն մենք հույս չունենք, որ կգա»,- իրավիճակը գնահատեց Հրաչ Մուրադյանի որդին` Armlur.am-ին հայտնելով նաև, որ առաջիկայում իրենք բողոքի երթեր դեռևս չեն անցկացնի:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլի 2-ին դաժանաբար սպանված Պռոշյանի գյուղապետ, ՀՅԴ անդամ, ազգային հերոս Հրաչ Մուրադյանի հիշատակին նվիրված և ի նշան բողոքի` ՀՅԴ երիտասարդ թևը օրերս բողոքի երթ էր կազմակերպել` պահանջելով դատապարտել մեղավորներին: Երթի մասնակիցները հայտարարել էին, որ չեն հանձնվի ու կպայքարեն այնքան, քանի դեռ իրականությունը չի բացահայտվել:
Տաթև Հարությունյան